ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ անկախության 20-ամյակի տոնակատարության շրջանակներում կայանալիք միջոցառումներից անմիջապես հետո կսկսվեն հին ձեռագրերի ինստիտուտ Մատենադարանի գլխավոր մասնաշենքի կապիտալ վերանորոգման, ինչպես նաև ինստիտուտ տանող ճանապարհի կանաչապատման աշխատանքները, երեքշաբթի Մատենադարանի նոր մասնաշենքի բացումից հետո հայտնեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Մենք ծրագրում ենք այդ աշխատանքներն ավարտել հաջորդ տարի, երբ Երևանը տոնելու է առաջին հայալեզու գրքի հրատարկման 500-ամյակը, որի շրջանակներում հայկական մայրաքաղաքը գրքի համաշխարհային մայրաքաղաք է հայտարարվել»,- ասաց Սարգսյանը:
Պետության ղեկավարը նաև նշեց, որ մայրաքաղաքի հյուրերը հայկական գրատպության 500-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում հնարավորություն կստանան նաև այցելել «Մատենադարանի» գլխավոր մասնաշենք, որն այդ ժամանակ արդեն վերանորոգված և հսկայական ցուցահանդեսային կենտրոնի վերածված կլինի:
Նոր մասնաշենքի բացման հանդիսավոր արարողությանը նաև մասնակցել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը: Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսը և Մեծ Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսն օրհնել են նոր շենքը:
Մատենադարանի նոր մասնաշենքը սարքավորված է անվտանգության նորագույն համակարգով, ապահովված է անհրաժեշտ ջերմային պայմաններով: Բացի մեծ գրապահոցից, այնտեղ տեղակայվելու է ժամանակակից սարքավորումներով համալրված վերականգնման բաժինը:
Մատենադարանը հիմնադրվել է 1957թ.-ին։ Այնտեղ պահվում են շուրջ 17 հազ. ձեռագրեր՝ պատմության, աշխարհագրության, քերականության, փիլիսոփայության, իրավունքի, բժշկության վերաբերյալ՝ հայերեն, արաբերեն, պարսկերեն, հունարեն, ասորերեն, լատիներեն, եթովպերեն, հնդկերեն, ճապոներեն և այլ լեզուներով։-0-