ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը մտադիր է ռոտավիրուսային պատվաստումը ներառել 2012թ.-ի պատվաստումների ազգային օրացույցում, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց ՀՀ առողջապահության նախարարության Իմունային կանխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը:
Ռոտավիրուսային պատվաստման ներառման հացրը կքննարկվի սեպտեմբերի 19-20-ը Երևանում՝ Ռոտավիրուսային պատվաստանյութերի հաջող ներդրմանը նախապատրաստելու համար համալիր մոտեցում իրականացնող առողջապահության համաշխարհային կազմակերպության միջազգային խորհրդակցության շրջանակներում:
«Ռոտավիրուսային պատվաստման ներդրումն առողջապահության նախարարության առաջնահերթ ուղղություններից մեկն է, ինչը պայմանավորված է ռոտավիրուսային հիվանդությունների դեպքերի բարձր տոկոսով, մասնավորապես՝ մինչև 5 տարեկան երեխաների շրջանակներում: Սակայն այդ խնդիրն արդիական է նաև ողջ աշխարհի համար»,- ասաց Սահակյանը:
Ըստ նրա՝ օրական Հայաստանում ռոտավիրուսային վարակների առկայության կասկածով մինչև 5 տարեկան 1500 երեխա է հոսպիտալացվում, և հոսպիտալացվածների 40 տոկոսի անալիզի արդյունքները դրական են լինում:
Սահակյանը նշեց, որ 2009թ. փետրվարից մինչև այսօր իրականացվում է ռոտավիրուսային վարակների համաճարակաբանական հսկողություն` մինչև 60 ամսական (5 տարեկան) լուծով երեխաների, որոնք հոսպիտալացվում են «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում և «Արաբկիր» բժշկական համալիրում, ենթարկվում են ռոտավիրուսային վարակների նկատմամբ լաբորատոր հետազոտությունների:
Ըստ նրա՝ ներառված համակարգի համաձայն, Առողջապահության նախարարության կողմից նախօրոք մինչև 5 տարեկան երեխաների մոտ ռոտավիրուսային վարակների (աղիքային վիրուսներ) կասկածանքով հոսպիտալացման դեքերի կողմնորոշում է մշակվել:
Նշելով ռոտավիրուսային վարակների հատկությունները` Սահակյանն ընդգծեց դրանց սեզոնայնությունը՝ նշելով, որ հիվանդությունը հանրապետությունում ակտիվանում է աշուն-ձմեռ ժամանակահատվածում:
Միաժամանակ նա տեղեկացրեց, որ ռոտավիրուսային վարակների բարձր մակարդակը ոչ մի կերպ կապված չէ երկրի կենսամակարդակի հետ:
Նա ընդգծեց, որ ԱՀԿ տվյալների համաձայն` ողջ աշխարհում տարեկան ռոտավիրուսային վարակ է հայտնաբերվում մինչև 5 տարեկան երեխաների 55 տոկոսի մոտ:
Նշելով ռոտավիրուսային վարակների դեմ պայքարի հիմնական մեթոդները` Սահակյանը նշեց համալիր ռազմավարության անհրաժեշտությունը, մասնավորապես դիարեայով տառապող հիվանդների հսկողությունը, սանիտարահիգիենիկ պայմանների և ջրամատակարարման համակարգի բարելավումը:
Միաժամանակ նա ասաց, որ վերջին տարիներին ՀՀ առողջապահության նախարարությունն ուշադրության կենտրոնում է պահում պատվաստումների ներդրումը՝ որպես ռոտավիրուսային վարակների դեմ պայքարի առավել արդյունավետ մեթոդի:
Ըստ նրա՝ պատվաստման ներառումը թույլ կտա 60 տոկոսով կրճատել վարակի այդ տեսակը տարվա ընթացքում:
Նա ավելացրեց, որ այսօրվա դրությամբ ռոտավիրուսային պատվաստումն անցկացվում է ԱՄՆ-ում և Լատինական Ամերիկայի մի շարք երկրներում:
Ռոտավիրուսային վարակը կամ աղիքային հարբուխն այսպես կոչված ռոտավիրուսներով արտահայտված հիվանդություն է: Այդ հիվանդությանը բնորոշ է սուր սկիզբը, գաստրոէնտերիտի կամ էնտերիտի կանխանշանների թույլ արտահայտումը, հիվանդության սկզբնական շրջանում աղիքային և շնչառական սինդրոմների հաճախակի համակցությունը:
Հիվանդությունն ուղեկցվում է փսխումով, փորացավով և դիարեայով՝ 1-2 օրերի ընթացքում: Ռոտավիրուսային վարակներն առավել հաճախ են նկատվում մինչև 5 տարեկան երեխաների մոտ: -0-