Հայաստանը և Ղարաբաղը պետք է առավել ակտիվ արտաքին քաղաքականություն վարեն, մասնավորապես՝ ՄԱԿ-ում, բայց այսօր Երևանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչումը սխալ կլիներ, կարծում է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ռիչարդ Գիրագոսյանը:
«Տվյալ պահին Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչումը սխալ կլիներ և ավելի շատ վնաս կհասցներ, քան օգուտ»,- երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց քաղաքագետը:
Ամեն դեպքում, ըստ Գիրագոսյանի՝ այնպիսի փոքր երկրները, ինչպիսին Հայաստանն է, պետք է առավել նախաձեռնող, ստեղծագործական և ակտիվ լինեն արտաքին քաղաքականությունում, այլ ոչ թե «ռեակտիվ» քաղաքականություն վարեն:
«Հայկական արտաքին քաղաքականությունն ավելի շատ ռեակտիվ, այլ ոչ ակտիվ բնույթի է կրում, դա վկայում է այն մասին, որ մենք 20 տարի հետ նայելով ենք տոնում անկախությունը, ոչ թե՝ առաջ»,- ասաց Գիրագոսյանը:
Նա «թույլ» է անվանել ՄԱԿ-ում Երևանի արտաքին քաղաքական գործունեությունը՝ հիշեցնելով, որ հատկապես առաջիկայում այդ կազմակերպությունում կքննարկվի Պաղեստինի անկախության վերաբերյալ հարցը և այլ համանման խնդիրներ:
«Հայաստանը պետք է շատ ակտիվ լինի ՄԱԿ-ում, հատկապես երբ Թուրքիան Անվտանգության Խորհրդի անդամ է դարձել: Երևանը մարտահրավերներ չի նետում Ադրբեջանին Միացյալ Ազգերի Կազմակերպությունում»,- նշեց փորձագետը՝ ավելացնելով, որ ակտիվությունը պետք է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ցուցաբերի:
Նա ընդգծեց, որ ղարաբաղյան հիմնախնդրի առումով հայկական դիվանագիտությունը պետք է նույնքան ակտիվ լինի, որքան Օսմանյան կայսրության Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում: -0-