ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի և Իրանի միջև չկան խնդիրներ, եթե կան տեխնիկական հարցեր, ապա դրանք լուծվում են ընդհանուր ջանքերով, իր իրանցի գործընկեր Ալի Աքբար Սալեհիի հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը, հաղորդում է հայկական արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը:
Նախօրեին Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ Նալբանդյանը նշել է, որ բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները և ստորագրված փաստաթղթերը նոր լիցք են հաղորդել երկու բարեկամ երկրների միջև համագործակցությանը:
Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին` Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շնորհավորեց Էդվարդ Նալբանդյանին Հայաստանի Հանրապետության անկախության քսանամյակի կապակցությամբ և նշեց, որ պատմության ընթացքում երկու հարևան երկրների միջև ձևավորված բարիդրացիական հարաբերություններն օրեցօր առավել ամրապնդվում են:
Հանդիպմանը քննարկվեցին երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր` քաղաքական, տնտեսական ու մշակութային համագործակցության, համատեղ իրականացվող ու նախատեսվող ծրագրեր, հատկապես` էներգետիկ և տրանսպորտային ոլորտներում:
Նախարարները կարևորեցին ԱԳՆ-երի միջև պարբերական խորհրդատվությունների անցկացումը և իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը:
Զրուցակիցները վերահաստատեցին փոխշահավետության վրա հիմնված երկկողմ հարաբերությունները զարգացնելու պատրաստակամությունը` նշելով, որ բարձր մակարդակի փոխադարձ այցելությունների հաճախակիությունը նպաստում է համագործակցության առավել ամրապնդմանը:
Նախարարներն անդրադարձան հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին, որը կարևոր դերակատարություն ունի տնտեսական համագործակցության, համատեղ ծրագրերի մշակման և իրականացման գործում:
Մշակութային փոխանակումների ենթատեքստում կարևորվեց փոխադարձ մշակույթի օրերի անցկացումը, նախարարները մտքեր փոխանակեցին զբոսաշրջության խթանման ուղիների շուրջ:
Պայամանավորվածություն ձեռք բերվեց հաջորդ տարի նշվելիք Հայաստանի և Իրանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման քսանամյա տարեդարձի կապակցությամբ միջոցառումների կազմակերպման վերաբերյալ:
Հայաստանի և Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձան նաև տարածաշրջանային հարցերի:
Նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը միշտ հանդես է եկել տարածաշրջանում տևական խաղաղության և կայունության ամրապնդման, խնդիրների բացառապես խաղաղ ճանապարհով` բանակցությունների և երկխոսության միջոցով լուծման օգտին:
Ալի Աքբար Սալեհիի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց արցախյան հիմնահարցի կարգավորման բանակցությունների ընթացքը` կարևորելով Իրանի հավասարակշռված դիրքորոշումն այդ հարցում:
Նախարար Նալբանդյանը վերահաստատեց Երևան այցելելու Ալի Աքբար Սալեհիին արված հրավերը: -0-