«Մանկական Եվրատեսիլ-2011» (Eurovision Junior — 2011) երգի միջազգային մրցույթին Հայաստանը կներկայացնի շաբաթ օրը կայացած ազգային ընտրական փուլում հաղթող ճանաչված պատանի երգչուհի Դալիթան՝ Welcome to Armenia երգով:
Այս տարի «Մանկական Եվրատեսիլը» կանցկացվի դեկտեմբերի 3-ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
Շաբաթ օրվա համերգի ընթացքում բոլոր մասնակիցները հատուկ այդ օրվա համար գրված երգեր են կատարել: Ընտրական փուլի եզրափակչին մասնակցել է 16 մասնակից Երևանից և ՀՀ մարզերից:
Ինչպես ավելի վաղ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրել էր նախագծի համակարգող Գոհար Գասպարյանը, մրցույթի կանոնների համաձայն` մասնակիցը կամ խումբը պետք է ինքը գրի այն երգը, որը պատրաստվում է կատարել: Սակայն ծնողների, պրոդյուսերների համահեղինակությունը չի արգելվում:
Հաղթողը որոշվել է ժյուրիի որոշմամբ և հեռուստադիտողի հաղորդագրությունների արդյունքում: 2010թ.-ի նոյեմբերի վերջին Մինսկում կայացած «Մանկական Եվրատեսիլ-2010»-ին հաղթող ճանաչվեց Հայաստանը ներկայացնող Ղարաբաղում ծնված 12-ամյա Վլադիմիր Արզումանյանը: -0-