ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայ մարզիկ Գոռ Մինասյանն արծաթե մեդալ է նվաճել մինչև 20 տարեկան պատանիների և մինչև 23 տարեկան մարզիկների ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում, որն անցկացվում էր Բուխարեստում, հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի տեղեկատվական կենտրոնը:
Մինասյանն 105 կգ-ից ավելի քաշային կարգում երկամարտում հավաքել է 395 կգ (179+216) և հաղթող Լաշա Թալախիձեից (Վրաստան) հետ է մնացել 7 կգ-ով: Երրորդ տեղը զբաղեցրել է ռուս Մագոմեդ Աբուևը:
Ավելի վաղ մինչև 23 տարեկան մարզիկների մրցավեճում 77 կգ քաշային կարգում ոսկե մեդալակիր է դարձել Աղասի Աղասյանը, իսկ ռուսաստանաբնակ երկու հայեր` Սերգեյ Պետրոսյանը (69 կգ) և Ալեքսանդր Սաֆարյանը (77 կգ), դարձել են արծաթե մեդալակիրներ:
Բոլորովին վերջերս Գոռ Մինասյանը դարձել է Լեհաստանում անցկացվող Ծանրամարտի Եվրոպայի պատանեկան (մինչև 17 տարեկան) առաջնության հերոս:
Հանդես գալով ավելի քան 94 կգ քաշային կարգում` նա դարձել է լավագույնը երկու վարժություններում և երկամարտի հանրագումարում:
Հայաստանյան հսկան երկրորդ մոտեցման «հրում» վարժությունում բարձրացրել է 181 կգ` 6 կգ-ով բարելավելով Եվրոպայի և Աշխարհի նախկին ռեկորդը, որը նույնպես պատկանում է հայ մարզիկ Ռուբեն Ալեքսանյանին, իսկ «պոկում» վարժությունում Մինասյանը բարձրացրել է 209 կգ` երկամարտի հանրագումարում հավաքելով 390 կգ, ինչը 5 կգ-ով զիջում է Ռուբեն Ալեքսանյանի ռեկորդին: Նշենք, որ երկու վարժություններում էլ Գոռ Մինասյանն օգտվել է երկու մոտեցումից` հրաժարվելով երրորդից: -0-