Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերության մամուլի ծառայությունը հինգշաբթի հերքեց որոշ ԶԼՄ-ների տարածած հաղորդումներն այն մասին, թե նախօրեին զենքի խմբաքանակի հետևից Լիբիայից Մոլդովա ուղևորված ԻԼ-76 ինքնաթիռը պատկանում է «Արմավիային»:
«Արմավիա» ավիաընկերությունը պաշտոնապես հայտարարում է, որ երբեք իր ավիապարկում ԻԼ-76 ինքնաթիռ չի ունեցել: «Արմավիան» զբաղվում է միայն ուղևորափոխադրումներով, այլ ոչ թե բեռնափոխադրումներով»,- «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց «Արմավիա» ավիաընկերության մամուլի քարտուղար Նանա Ավետիսովան:
Այս տեղեկատվության հերքումը ստացվել է նաև Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունից (ՔԱԳՎ):
«Մոլդովայում հրապարակված տեղեկությունը Լիբիա-Մոլդովի զենքի փոխադրելու վերաբերյալ հստակեցվել է հայկական ավիափոխադրողի հետ, և այն չի համապատասխանում իրականությանը»,- «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց ՔԱԳՎ մամուլի քարտուղար Նելլի Չերչինյանը:
Մի շարք ԶԼՄ-ների հաղորդագրություններով` Մոլդովայի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, Ազգային բանակի հրամանատար, բրիգադի գեներալ Յուրի Դոմինիկը հայտարարել է, որ նախօրեին Լիբիայից Մոլդովա է ուղևորվել ԻԼ-76 ինքնաթիռ՝ Մոլդովայի Ազգային բանակի զինանոցներից սպառազինության ձեռք բերելու նպատակով:
Գեներալը պնդել է, թե «ինքնաթիռն իսկապես ժամանել է լիբիական Բենգազի քաղաքից, բայց չի պատկանել Լիբիային, այլ Հայաստանի քաղաքացիական ավիացիայի ինքնաթիռ է»: Նա միաժամանակ հրաժարվել է հայտնել, թե ուր է ուղարկվել Լիբիայից ժամանած ինքնաթիռում գտնվող հին սպառազինությունը՝ հղում անելով զենքի վաճառքի պայմանագրի պայմաններին: Դոմինիկն ավելացրել է, որ դա մաքուր գործարք է եղել, իսկ բեռի վերջնական սպառողը սպառազինության շուկայի ճանաչված խաղացող է և լավ հայտնի է Մոլդովայի գերագույն իշխանությանը: -0-