ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Համատեղ զորավարժության ընթացքում Հայաստանի զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորքերի հաշվարկը 100 տոկոս արդյունավետություն է ցուցաբերել, երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հաղորդեցին պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 12-ին ներկա է եղել Աստրախանի «Աշուլուկ» զորավարժարանում տեղի ունեցած ԱՊՀ մասնակից պետությունների ՀՕՊ միավորված համակարգի «Մարտական ընկերակցություն-2011» մարտական հրաձգությամբ համատեղ զորավարժության ակտիվ փուլին: Զորավարժությանը մասնակցում էին Հայաստանի, Բելառուսի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի զինված ուժերի հակաօդային պաշտպանության և ռազմաօդային ուժերի ստորաբաժանումները:
«Համատեղ զորավարժության ընթացքում Հայաստանի զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորքերի հաշվարկը կատարեց ոչ միայն հակաօդային պաշտպանության, այլև հակահրթիռային խնդիրներ և խոցեց բոլոր թիրախները` ցուցաբերելով 100 տոկոս արդյունավետություն»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Զորավարժության ակտիվ փուլին մասնակցում էին նաև Ռուսաստանի, Բելառուսի, Ուկրաինայի և Տաջիկստանի պաշտպանության նախարարները:
«Մարտական ընկերակցություն-2011» զորավարժություններին ընդհանուր առմամբ ընդգրկված է ավելի քան 2000 մարդ, ՀՕՊ ավելի քան 25 ստորաբաժանումների մասնակիցներ՝ С-300, С-200, С-75, С-125, «Կրուգ», «Բուկ» համակարգերով, ավելի քան 50 ավիացիոն համալիրներ՝ Միգ-29, Միգ-31, Սու-27 Տու-22Մ3, Սու-34, Սու-25, Սու-24 ինքնաթիռներով:
Զորավարժությունների հիմնական խնդիրը հակաահաբեկչական գործողությունների և զինված հակամարտությունների ժամանակ հավաքական անվտանգության տարածաշրջաններում ԱՊՀ մասնակից պետությունների հակաօդային պաշտպանության զորքերի (ուժերի) խմբավորումների համատեղ պատրաստումն ու կիրառումն է: -0-