«Մենք մերոնցով» երևանյան թերթի խմբագիր Ալվարդ Աբրահամյանին սպանված են գտել, հաղորդում է ՀՀ ոստիկանության կայքը:
Ինչպես տեղեկացվել էր, սեպտեմբերի 1-ին, ժամը 10.45-ին, ոստիկանության Կոտայքի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Ողջաբերդ գյուղի սկզբնամասում` «Չարենցի կամար» հուշարձանից մոտ 500 մ հեռավորության վրա, կնոջ դիակ կա:
Ոստիկանները նշված վայրում՝ ճանապարհի երթևեկելի հատվածից 45 մ հեռու, ձորակում հայտնաբերել էին կնոջ դիակ` պարանոցի շրջանում բռնության հետքերով:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ոստիկանության աշխատակիցներին հաջողվել է պարզել դիակի ինքնությունը. սեպտեմբերի 10-ից ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից որպես անհայտ կորած հետախուզվող, Երևան քաղաքի բնակչուհի, «Մենք մերոնցով» թերթի խմբագիր, 51-ամյա Ալվարդ Աբրահամյանն է: -0-