Հայաստանը բարձրագույն կրթության մեխանիզմները մշակելիս կարող է օգտվել եվրոպական փորձից, հայտարարել է հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը։
«Բարձրագույն կրթության ֆինանսավորման մեխանիզմների մշակման հարցն առաջնային է Հայաստանի համար, և այստեղ մեզ համար չափազանց կարևոր է երվոպական փորձը»,- հինգշաբթի Հայաստանի և Լեհաստանի Բոլոնիայի գործընթացի համանախագահության շրջանակում Երևանում մեկնարկած «Բարձրագույն կրթության ֆինանսավորում» խորագրով երկօրյա միջազգային համաժողովի բացման ժամանակ ասել է Սարգսյանը։
Ըստ նրա՝ Հայաստանում լուրջ բանավեճերի առարկա է ուսանողական վարկերի տրամադրման մեխանիզմների, տաղանդավոր, բայց սոցիալապես անապահով ուսանողներին ֆինանսական աջկացության հարցերը, ինչպես նաև պետական և մասնավոր բուհերի պետական ֆինանսավորման հարցերը։
«Կառավարության համար կրթության ոլորտում թիվ մեկ սկզբունքն արդար մրցակցության ապահովումն է, չպետք է խտրական մոտեցում դրսևորենք պետական և մասնավոր բուհերի նկատմամբ, և պետության ֆինանսավորումը պետք է հասանելի լինի ինչպես պետական, այնպես էլ մասնավոր բուհերին` ելնելով նրանից, թե ինչ աստիճանի որակյալ ծառայություններ են նրանք առաջարկում», -ավելացրել է նա։
Պետության ղեկավարը նշել է, որ Բոլոնիայի գործընթացին անդամակցության վեց տարիների ընթացքում Հայաստանն արդեն հասել է այն փուլին, երբ պետք է շեշտը դնել կրթության բովանդակության և որակի վրա։
«Մենք միշտ հայտարարել ենք, որ Հայաստանի ապագան կառավարությունը տեսնում է միայն գիտելիքահեն տնտեսության և հասարակության ձևավորման մեջ։ Գաղտնիք չէ, որ գիտելիքահեն հասարակություն կարելի է կառուցել՝ ունենալով ժամականակից համալսարաններ: Մեր այս տեսլականը համահունչ է այն զարգացումներին, որոնք այսօր տեղի են ունենում Եվրոպայում և համահունչ են բոլոնյան գործընթացի էությանը: Մեր կրթական հաստատություններն իրենց օրենսդրությամբ և կառուցվածքով համապատասխանում են այն չափանիշներին, որոնք առկա են Եվրոպայում, սակայն բովանդակային առումով դեռևս ունեն լրջագույն մարտահրավերներ, և առաջին հերթին խոսքը գնում է կրթության որակի մասին»,- ասել է նա։
Սարգսյանը նաև վստահություն է հայտնել, որ «Բարձրագույն կրթության ֆինանսավորում» ֆորումն իր ներդրումն է կատարում Բոլոնիայի գործընթացի զարգացման և խորացման հարցում։
«Հայաստանի համար մեծ պատիվ է այս տարվա ընթացքում Լեհաստանի հետ համատեղ համանախագահել բոլոնյան գործընթացը: Այս համաժողովի՝ Երևանում անցկացնելու խորհուրդն այն է, որ մենք այս տարի նշում ենք Հայաստանի անկախության 20-ամյակը»,- նշել է նա։
Հայաստանի կրթության և գիտության նախարարության կազմակերպած «Բարձրագույն կրթության ֆինանսավորում» խորագրով երկօրյա միջազգային համաժողովն անցկացվում է սեպտեմբերի 8-9-ը: Համաժողովին մասնակցում են ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, նրա լիտվացի գործընեկր Գինտարաս Ստեպոնավիչիուսը, Հայաստանի խորհրդարանի և կառավարության ներկայացուցիչներ, բուհերի ռեկտորներ, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններ, Եվրոպական հանձնաժողովի և միջազգային կառույցների ներկայացուցիչներ:
Համաժողովի նպատակը բարձրագույն կրթության ֆինանսավորման մեխանիզմների, կրթության որակի, հավասարության, արդյունավետության և մի շարք այլ հարցերի շուրջ տեսակետների ու կարծիքների փոխանակումն է:
Հայաստանը և Լեհաստանը Բոլոնյան գործընթացի համանախագահությունն ընդունել են 2011թ. հուլիսի 1-ից՝ կես տարի ժամկետով: --0--