Համաշխարհային մրցունակության ցուցանիշով Հայաստանի հաջորդ դիրքն այժմյան դիրքից ավելի լավը կլինի, կարծում է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը։
2011թ.-ին Հայաստանը Մրցունակության գլոբալ հաշվետվությունում (ՄԳՀ) վեց աստիճանով բարելավել է Համաշխարհային մրցունակության ցուցանիշով դիրքերը՝ 142 երկրների շրջանակներում զբաղեցնելով 92-րդ տեղը։
«Մասնավորապես, բարելավումը պայմանավորված է լինելու այն հանգամանքով, որ գնաճը կտրուկ նվազում է 2010 թ. համեմատ, և 2011 թ. մենք արդեն մտել ենք գնաճային նոր փուլ, որն արդեն ոչ թե 10 տոկոսային, այլ 5 տոկոսային շրջանակի մեջ է, այսինքն` շուրջ երկու անգամ գնաճային ճնշումները Հայաստանում նվազել են, և դա իր դրական ազդեցությունն է թողնելու»,- հինգշաբթի կառավարության նիստի սկզբում ասել է նա։
Բացի այդ, ըստ նրա՝ կարևոր հանգամանքն այն բարեփոխումներն են, որ իրականացրել ենք բիզնես միջավայրը բարելավելու ուղղությամբ։
ՄԳՀ զեկույցը բավականին օբյեկտիվ վերլուծություն համարելով՝ Սարգսյանն ընդգծել է, որ դրանում ներկայացված են, առաջին հերթին, երկրի մրցունակության թույլ կողմերը և մատնանշված են այն կոնկրետ չափանիշները, որոնք պետք է բարելավել։
Կառավարության ղեկավարը գոհունակությամբ է նաև նշել, որ գրեթե բոլոր ցուցանիշներով «մենք լուրջ առաջընթաց ունենք»։
«Առաջընթացը կլիներ շատ ավելի բարձր, եթե չլիներ մեկ գործակից, որը 15 կետով մեզ հետ է մղել. դա բարձր գնաճն է, որ արձանագրվել է 2010 թ., և այդ ցուցանիշով 15 քայլ նահանջել ենք»,- ասել է նա։
Խոսելով երկրի մրցունակության ուժեղ կողմերի մասին՝ վարչապետն առանձնացրել է պետական քաղաքականության թափանցիկության աստիճանը։
«142 երկրների շարքում թափանցիկության աստիճանով մենք զբաղեցնում ենք 35-րդ տեղը»,-ասել է նա։
Սարգսյանը նաև նշել է, որ ենթակառուցվածքների տեսակետից երկիրը առաջ է շարժվել հենց տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում։ Առաջին հերթին դա վերաբերում է բջջային հեռախոսների հասանելիությանը, ինտերնետի բնագավառում կատարված փոփոխություններին. ինտերնետի հասանելիությունը Հայաստանում նույնպես էապես բարելավվել է` և՛ գներն են նվազել, և՛ սպառողների քանակն է ավելացել։
Զեկույցի համաձայն՝ բջջային կապի բաժանորդների քանակով աշխարհի 142 երկրների թվում Հայաստանը զբաղեցնում է 33-րդ տեղը՝ տարվա ընթացքում 48 կետով բարելավելով ցուցանիշը։
Հայաստանի ուժեղ կողմերի թվում կառավարության ղեկավարը նաև նշել է բարձրագույն կրթության և վերապատրաստման ոլորտում 17 դիրքով առաջընթացը։
Մասնավորապես, միջնակարգ կրթության ներգրավվածության աստիճանով Հայաստանը 52-րդ տեղը, իսկ բարձրագույն կրթության ներգրավվածությամբ` 49-րդ տեղն է զբաղեցնում 142 երկրների շարքում։
Հայաստանը Մրցունակության համաշխարհային զեկույցին մասնակցում է արդեն 5-րդ անընդմեջ: Այս տարի հարցումներին մասնակցել են հայկական 80 կազմակերպությունների ներկայացուցիչներ խոշոր և փոքր ու միջին բիզնեսի ոլորտից:
Համաշխարհային տնտեսական ֆորումը անկախ միջազգային կազմակերպություն է, որի առաքելությունն աշխարհում իրավիճակը բարելավելն է՝ առաջատարների միջև գործընկերության հաստատման միջոցով՝ գլոբալ մասշտաբով, ինչպես նաև տարածաշրջանների ու բնագավառների մակարդակով օրակարգ ձևավորելու համար: --0—