Հայաստանում ֆուտբոլն աստիճանաբար ավելի հանրաճանաչ և մասսայական է դառնում, հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
«Մեր հավաքականի հաջողությունը պայմանավորված է նաև այդ հանգամանքով», - հինգշաբթի ասաց նա կառավարության նիստից առաջ:
Հայաստանի ֆուտբոլի հավաքականը երրորդ տեղն է զբաղեցնում Եվրո-2012 «В» ընտրական խմբում՝ 4։0 հաշվով սլովակների հանդեպ տարած սենսացիոն հաղթանակից հետո՝ պահպանելով մրցաշարի եզրափակիչ դուրս գալու իրական հնարավորությունները:
Սարգսյանը շնորհավորել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականին Սլովակիայի նկատմամբ տարած փայլուն հաղթանակի կապակցությամբ: «Այս հաղթանակը ոգեշնչում է մեզ», - նշել է նա՝ շնորհավորելով նաև ֆուտբոլասերներին:
Սարգսյանը նաև երախտագիտական խոսքեր է ուղղել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային և ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին: «Ակնհայտ է, որ ֆեդերացիայի գործադրած ջանքերն արդյունքներ են տալիս: Վերջին տարիների ընթացքում էական ներդրումներ են կատարվել ֆուտբոլային ենթակառուցվածքներում», - ընդգծել է կառավարության ղեկավարը:
Հայ ֆուտբոլիստները 14 միավոր են հավաքել և մեկ միավորով զիջում են երկրորդ տեղը զբաղեցրած իռլանդացիներին։ 17 միավորով խմբի միանձնյա առաջատարը ռուսներն են։
Սլովակները նույնպես 14 միավոր ունեն, բայց նրանք զիջում են հայ ֆուտբոլիստներին անմիջական հանդիպումների արդյունքներով։
Մակեդոնացիներն Անդորրայի նկատմամբ նվազագույն 1։0 հաշվով տարած այսօրվա հաղթանակից հետո 7 միավոր են հավաքել և զբաղեցնում են հինգերորդ տեղը։ Անդորրացիները, տանուլ տալով իրենց բոլոր հանդիպումները, փակում են մրցաշարային աղյուսակը։ Բոլոր թիմերն ութական հանդիպում են խաղացել։ Միաժամանակ հայ ֆուտբոլիստները խփած և բաց թողած գնդակների լավագույն տարբերությունն ունեն՝ -17-7։
Հոկտեմբերի 7-ին հայ ֆուտբոլիստները մակեդոնացիների հետ սեփական հարկի տակ հանդիպում կանցկացնեն։ Հոկտեմբերի 11-ին Իռլանդիայում, հնարավոր է, հայ և իռլանդացի ֆուտբոլիստների միջև որոշիչ հանդիպում անցկացվի։ -0-