Բանակում զոհված զինվորների հարազատները փակել են Հայաստանի կառավարության շենքի մուտքը, որտեղ մի քանի րոպեից պետք է սկսվի գործադիր մարմնի նիստը, հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը:
Նրա խոսքով՝ ոստիկանությունը պահանջում է ազատել դեպի կառավարության շենք տանող մուտքը, սակայն ցուցարարները չեն համաձայնվում, ոստիկանության աշխատակիցների հետ բանակցություններն ընթանում են բավականին լարված իրավիճակում:
«Չենք լռելու» քաղաքացիական նախաձեռնության կողմից կազմակերպված ակցիային մի քանի տասնյակ մարդ է մասնակցում:
Ցուցարարները տողանով են կանգնել կառավարության շենքի առջև՝ ձեռքերում պահելով բանակում զինվորական ծառայություն անցնելու ժամանակաշրջանում զոհված զինվորների լուսանկարները, ինչպես նաև պաստառներ, որոնց վրա գրված է «Մենք կույր չենք», «Վերջ բռնությանը բանակում», «Մի սպանեք մեր երեխաներին»:-0-