ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը Facebook-ի իր էջում շնորհավորել է երկրպագուներին Սլովակիայի նկատմամբ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի տարած հաղթանակի կապակցությամբ։
«Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի ֆուտբոլի հավաքականի փայլուն և ջախջախիչ հաղթանակի կապակցությամբ։ Շնորհակալ ենք մեր հավաքականին ստեղծագործ և փայլուն ռազմավարական խաղ ցուցաբերելու համար»,- գրել է Կարապետյանը։
Քաղաքապետն իր շնորհավորանքի տակ նաև տեղադրել է Ֆրեդի Մերքյուրիի և Queen խմբի կատարմամբ «We are the champions» («Մենք չեմպիոններ ենք») երգի տեսահոլովակը։
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը երրորդ տեղն է զբաղեցնում Եվրո-2012 «В» ընտրական խմբում՝ 4։0 հաշվով սլովակների հանդեպ տարած սենսացիոն հաղթանակից հետո՝ պահպանելով մրցաշարի եզրափակիչ դուրս գալու իրական հնարավորությունները։
Հայ ֆուտբոլիստները 14 միավոր են հավաքել և մեկ միավորով զիջում են երկրորդ տեղը զբաղեցրած իռլանդացիներին։ 17 միավորով խմբի միանձնյա առաջատարը ռուսներն են։
Սլովակները նույնպես 14 միավոր ունեն, բայց նրանք զիջում են հայ ֆուտբոլիստներին անմիջական հանդիպումների արդյունքներով։
Մակեդոնացիներն Անդորրայի նկատմամբ նվազագույն 1։0 հաշվով տարած այսօրվա հաղթանակից հետո 7 միավոր են հավաքել և զբաղեցնում են հինգերորդ տեղը։ Անդորրացիները, տանուլ տալով իրենց բոլոր հանդիպումները, փակում են մրցաշարային աղյուսակը։ Բոլոր թիմերն ութական հանդիպում են խաղացել։ Միաժամանակ հայ ֆուտբոլիստները խփած և բաց թողած գնդակների լավագույն տարբերությունն ունեն՝ -17-7։
Հոկտեմբերի 7-ին հայ ֆուտբոլիստները մակեդոնցիների հետ սեփական հարկի տակ հանդիպում կանցկացնեն։ Հոկտեմբերի 11-ին Իռլանդիայում, հնարավոր է, հայ և իռլանդացի ֆուտբոլիստների միջև որոշիչ հանդիպում անցկացվի։ --0--