ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ւշխող Հայաստանի Հանրապետական կուսակցությունը 2012 թ.-ին կայանալիք ՀՀ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին բոլոր քաղաքական ուժերի համար հավասար պայմանների ապահովման կողմնակիցն է, երեքշաբթի լրագրողներին հայտարարեց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը:
Նրա խոսքերով՝ այս ամենը հարկավոր է, որպեսզի բոլոր քաղաքական կուսակցությունները կարողանան իրենց ներկայացնել պատշաճ կերպով:
«Ազգային ժողով անցնելու միակ երաշխավորը ժողովուրդն է, որը ընտրությունների ժամանակ կընտրի այս կամ այն կուսակցությանը: Իսկ մենք կարող ենք պարզապես անհրաժեշտ պայմաններ ստեղծել, որպեսզի քաղաքական բոլոր ուժերը կարողանան հավասար պայմաններում ժողովրդին ներկայացնել իրենց ծրագրերը», - ասաց Սահակյանը:
Նրա խոսքերով՝ այս սկզբունքը տարածվում է ինչպես կոալիցիոն, այնպես էլ ընդդիմադիր կուսակցությունների վրա, և ՀԱԿ-ը բացառություն չէ, չնայած նրան, որ իշխող կոալիցիայի և ՀԱԿ-ի միջև երկխոսությունը դադարեցվեց:
«Բանակցությունները չեն դադարել և շարունակվում են, պարզապես այլ ձևաչափում, դուք ինքներդ եք տեսնում, որ մամուլի ասուլիսների, ելույթների, լրագրողների հետ հանդիպումների միջոցով երկու կողմերի ներկայացուցիչներն էլ դիմում են միմյանց, հայտարարում իրենց մտադրությունների և առաջարկների մասին», - ասաց Սահակյանը:
Կոալիցիայի և ՀԱԿ-ի ներկայացուցիչների միջև բանակցությունների՝ օգոստոսի 26-ին նախատեսված վեցերորդ փուլը չեղյալ հայտարարվեց ընդդիմության նախաձեռնությամբ: ՀԱԿ-ը հայտարարեց, որ դադարեցնում է իր մասնակցությունը բանակցություններում ՀԱԿ-ի ակտիվիստ Տիգրան Առաքելյանին կալանքից ազատ արձակելու մասին նախնական պայմանավորվածությունների խախտման պատճառով: Տիգրան Առաքելյանը ձերբակալվել է օգոստոսի 9-ին ոստիկանության ներկայացուցիչների հետ ընդհարումից հետո:
Սահակյանը խոսքերով՝ երկխոսություն վարելու համար պարտադիր չէ հանդիպել կլոր սեղանի շուրջ, նստել միմյանց առաջ, դրա համար կան շատ այլ հնարավորություններ, որոնք ակտիվորեն կիրառվում են ինչպես ընդդիմության, այնպես էլ կոալիցիայի կողմից:
ՀԱԿ-ի հետ բանակցություններում Հայաստանի իշխող կոալիցիան ներկայացնող աշխատանքային խումբը հայտարարություն էր տարածել, որտեղ ափսոսանք է հայտնում ՀԱԿ վերջին գործողությունների հետ կապված, և ընդգծվում է երկխոսությունը շարունակելու վերաբերյալ կոալիցիայի պատրաստակամությունը։ Աշխատանքային խումբը նշեց, որ այդ կարևոր քաղաքական գործընթացի հետ չի կապել, չի կապում և չի կապի միջադեպին մասնակից երիտասարդի (Առաքելյանի) հանդեպ խափանման միջոցի փոփոխությունը, քանի որ այն լիովին գտնվում է իրավական հարթությունում։
«Բարգավաճ Հայաստան» և «Օրինաց երկիր» կուսակցությունները ընդգրկված են Հայաստանի Հանրապետական կուսակցության գլխավորած իշխող կոալիցիայի կազմում, որը ձևավորվել է 2008 թ.-ի մարտի 21-ին:
ՀԱԿ-ը ստեղծվել է 2008 թ.-ի օգոստոսի 1-ին: ՀԱԿ-ի կազմում ներառված է շուրջ 20 քաղաքական կուսակցություն և կազմակերպություն: ՀԱԿ-ի առաջնորդն է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Կոնգրեսի հիմնական պահանջը արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրությունների անցկացումն է:-0-