ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Վայքի ծննդատանը լույս աշխարհ եկած նորածինը, որի նկատմամբ բժիշկը մասնագիտական պարտականությունները ճիշտ չի կատարել, մահացել է Երևանի «Մուրացան» բժշկական կենտրոնում, երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ առողջապահության նախարարությունից:
Այս գործի հանգամանքների ուսումնասիրմամբ զբաղվել է ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի հրամանով ձևավորված մասնագիական խումբը, որը գլխավորել է Հայաստանի գլխավոր նեոնատոլոգ Հրանտ Կալենտերյանը:
ՀՀ ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում Վայոց Ձորի մարզի Վայք քաղաքի ծննդատանը մանկաբարձ-գինեկոլոգ Մետաքսյա Հ-ի կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու մասին:
Հայկական ԶԼՄ-ների տվյալների համաձայն՝ օգոստոսի 11-ին Վայք քաղաքի հիվանդանոց էր տեղափոխվել ծննդկան մի կին, որին, ըստ սոցիալական ցանցում տեղադրված տեսանյութի, բժիշկներն անհրաժեշտ բուժօգնություն չեն ցուցաբերել՝ ցինիկաբար առաջարկելով ծննդկան կնոջը «հետաձգել» ծննդաբերությունը
Բացի այդ, տեղեկատվություն է տարածվել այն մասին, որ բուժհաստատությունում նորածնի համար թթվածին չի եղել, հարմարություններ չեն եղել, իսկ անհրաժեշտ բոլոր բժշկական միջոցները պետք է ձեռք բերեին ծննդկանի հարազատները:
Ծննդկանի հարազատների խոսքերով՝ ծննդաբերությունը բավականին բարդ է եղել, իսկ դրանից հետո «կիսակենդան նորածնին առանց որևէ օգնության թողել են սեղանի վրա»: Նորածնին տեղափոխել են Երևանի «Մուրացան» բժշկական կենտրոն, որտեղ նա շուտով մահացել է:-0-