Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը չի կարելի փակված համարել, հայտարարել է «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն, քաղաքագետ Գագիկ Հարությունյանը:
«Քաղաքականության մեջ ոչ մի բան վերջնական չէ: Նույնիսկ հիմա մենք շարունակում ենք այդ գործընթացը, որը, կոպիտ ասած, սկսվել է դեռ 1915 թ.-ի ողբերգական իրադարձությունների ժամանակ: Փոքր ինչ դժվար է ասել, թե երբ այն կավարտվի, ում հրամանով կամ ինչ իրավիճակում, և անիմաստ է նման կերպով անդրադառնալ այս հարցին», - ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հարությունյանը:
Նրա խոսքերով՝ կարելի է միայն ասել, որ հարաբերությունները «սառեցված են» հենց ներկա փուլում, և դեռևս հայտնի չէ, թե ով կասի վերջին խոսքը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում: «Ամենայն հավանականությամբ, վերջին խոսքը կասի նա, ով արդյունքում կհաղթի», - ընդգծեց փորձագետը:
Քաղաքագետը նաև նշեց, որ այս իրավիճակում Թուրքիան ավելի խոցելի վիճակում է, քան Հայաստանը:
Գնահատելով երկու պետությունների քայլերը հարաբերությունների կարգավորման գործընթացում՝ Հարությունյանը նշեց, որ ի տարբերություն Անկարայի, որը հանդես է գալիս կոշտ դիրքորոշմամբ, Երևանը միշտ պատրաստ էր բանակցությունների:
Նա ընդգծեց, որ գործընթացի կարգավորման սկզբից՝ վերջին երեք տարվա ընթացքում զարգացած տնտեսություն և հաստատված միջազգային կապեր ունեցող Թուրքիան ոչ միայն ոչինչ չշահեց, այլև վատթարացրեց իր հարաբերությունները որոշ դաշնակիցների, մասնավորապես՝ Իսրայելի, Սիրիայի, Իրանի, ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ:
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա նրա խոսքերով՝ միջազգային հանրությունը գնահատեց Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված հանրապետության ջանքերը և ըմբռնումով մոտեցավ ՀՀ նախագահի կողմից հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացի դադարեցման փաստին:
Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։
Երկու երկրների միջև բարդ հարաբերությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով, որոնք կապված են, մասնավորապես, Անկարայի՝ ադրբեջանական դիրքորոշման պաշտպանությամբ ղարաբաղյան հարցում, ինչպես նաև Թուրքիայի սուր արձագանքի հետ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետ կապված։
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը սկսվեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ 2008 թ.-ի աշնանը: 2009 թ.-ի հոկտեմբերի 10-ին երկու երկրների արտգործնախարարները հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանան երկու երկրների խորհրդարանների կողմից:
Սակայն 2010 թ.-ի ապրիլի 22-ին Սարգսյանը հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացի դադարեցման մասին հրամանագիր ստորագրեց՝ հայտարարելով, որ Թուրքիան պատրաստ չէ շարունակել սկսած գործընթացը: Թուրքիայի խորհրդարանի կողմից փաստաթղթերի վավերացման գործընթացը սառեցված վիճակում է:
Մոտավորապես տասը օր առաջ հայտնի դարձավ, որ Թուրքիայի խորհրդարանի կանոնադրության համաձայն՝ արձանագրություններն ավտոմատ կերպով հանվել էին օրակարգից, քանի որ չեն քննարկվել մեկ գումարման ընթացքում և կրկին չէին ներկայացվել քննարկման վարչապետի կամ խորհրդարանի պատգամավորների կողմից: Դեռևս պարզ չէ՝ մտադի՞ր է, արդյոք, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիպ Էրդողանը կրկին ներկայացնել արձանագրությունները օրենսդիր մարմնին:-0-