ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրեն Շևկետ Շայդուլլինի հրամանով ստեղծվել է Երևանի վագոնալոկոմոտիվային դեպոն, հաղորդում է ՀԿԵ-ի մամուլի ծառայությունը:
«Նոր կառույցը ստեղծված է Երևանի լոկոմոտիվային և Երևանի վագոնանորոգման դեպոների միավորման միջոցով՝ ՀԿԵ-ի կառուցվածքի արդիականացման, ճանապարհը սարքին շարժակազմով ապահովելու, գնացքների անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով», - նշվում է տեղեկատվության մեջ:
Մամուլի հաղորդագրության համաձայն՝ այժմ մշակվում է նոր դեպոյի արտադրական գործունեության տեխնոլոգիան, վերակազմավորված կառույցներից աշխատանքի են ընդունվում համապատասխան մասնագետներ: Վերակազմավորված կառույցների աշխատանքից ազատված մասնագետները աշխատանքի կանցնեն նաև ՀԿԵ-ի այլ ստորաբաժանումներում:
Ինչպես արդեն նշել էր «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Շևկետ Շայդուլլինը, ընկերությունը նման արդյունքների կարողացել է հասնել ենթակառուցվածքի և շարժակազմի արդիականացման, գնացքների անվտանգության ապահովման շնորհիվ:
«2011-ը մեզ համար լինելու է երկաթուղու առանց կորուստների աշխատանքի տարի: Դա մեր թիվ մեկ խնդիրն է: Այդ ամենի համար այսօր լուծվում են մի շարք այդպիսի խնդիրներ, ինչպիսիք են, օրինակ, տրանսպորտային օրենսդրության ներդաշնակեցումը, ճկուն սակագնային քաղաքականությունը, ենթակառուցվածքի և շարժակազմի միջազգային ստանդարտներին համապատասխանեցումը», - հայտարարել է Շայդուլլինը:
«Հայկական երկաթուղիների» կոնցեսիոն կառավարումն իրականացնում է «ՀԿԵ» ՓԲԸ-ն՝ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ հարյուրտոկոսանոց դուստրը: ՀԿԵ-ն իր բալանսում ընդունել ՀԿԵ շարժակազմը 2008թ. հունիսի մեկից՝ «Հայկական երկաթուղիներ» պետական ՓԲԸ-ն 30 տարի ժամկետով փոխանցման, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով 2008թ. փետրվարի 13-ի կոնցեսիոն պայմանագրին համապատասխան։-0-