ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Պաշտոնական Երևանը ճանաչել է Լիբիայի ժամանակավոր անցումային խորհուրդը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:
«Փարիզում Լիբիայի դեսպանության միջոցով արդեն փոխանցվել է ՀՀ ԱԳՆ օգոստոսի 31-ի հայտագիրը Լիբիայի ժամանակավոր անցումային խորհրդի ճանաչման մասին», - նշել է Բալայանը:
Փետրվարի կեսին Լիբիայում զանգվածային ցույցեր սկսվեցին՝ Քադաֆիի հրաժարականի պահանջով, որոնք վերաճեցին զինված դիմադրության կառավարական ուժերի և խռովարարների միջև: Այս դիմադրության զոհերի թիվը հասնում է հազարների:
Լիբիայի արևելքում գտնվող Բենգազի քաղաքում փետրվարի 27-ին ապստամբներն Անցումային ազգային խորհուրդ (ԱԱԽ) ձևավորեցին, որը հայտարարեց երկրում իշխանության միակ լեգիտիմ մարմինը: Շուրջ 45 երկիր, այդ թվում նաև ԱՄՆ-ն Քադաֆիի ռեժիմը ոչ լեգիտիմ է ճանաչել և փաստորեն հայտարարել է, որ ճանաչում է Ժամանավոր անցումային խորհուրդը՝ որպես Լիբիայի ժողովրդի օրինական ներկայացուցիչ:
ՄԱԿ-ի ԱԽ-ն մարտի 17-ին անթռիչք գոտի է մտցրել Լիբիայում։ Անթռիչք գոտու ապահովման, զենքի մատակարարման արգելքի և քաղաքացիական բնակչության պաշտպանության համար արևմտյան երկրների կոալիցիան մարտի 19-ին հերթական ռազմական օպերացիան է սկսել Լիբիայում, որի ղեկավարությունը մի քանի օր անց ամբողջությամբ անցել է ՆԱՏՕ-ին։ Օպերացիայի մանդատը լրանում էր հունիսի 27-ին, բայց ՆԱՏՕ-ն երկարացրել է օպերացիան 90 օրով՝ մինչև սեպտեմբերի վերջ։
Օգոստոսի 22-ին ապստամբ ջոկատները զբաղեցրել են Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիի մեծ մասը: Հաջորդ օրը ապստամբների ուժերն իրենց վերահսկողության տակ են առել կառավարական զորքերի վերջին կետը՝ Բաբ ալ Ազիզիա թաղամասը, որտեղ գտնվում է Մուամար Քադաֆիի նստավայրը:
Այս ամենից հետո Ժամանակավոր անցումային խորհուրդը (ԺԱԽ) հայտարարեց նախկին ռեժիմի նկատմամբ իր վերջնական հաղթանակի մասին:
Սեպտեմբերի 1-ին Ռուսաստանը պաշտոնապես ճանաչեց Լիբիայի ԺԱԽ-ին՝ որպես գործող իշխանություն: Լիբիայի առաջնորդի ճակատագրի մասին տեղեկատվություն դեռ չկա:-0-