Ընդդիմադիր ՀԱԿ-ը պահանջում է պաշտոնական Երևանից ճանաչել Լիբիայի նոր իշխանություններին:
«Հայ Ազգային կոնգրեսը ողջունում է լիբիական ժողովրդի՝ իր համար դարակազմիկ այս հաղթանակը և պահանջում է, որպեսզի Հայաստանը պաշտոնապես ճանաչի Լիբիայում ձևավորված նոր իշխանությանը», - տեղեկացվում է ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալություն տրամադրված ՀԱԿ-ի հայտարարության մեջ:
ՀԱԿ-ից նշել են, որ պատմության ու մասնավորապես նորագույն շրջանի պատմության օրինաչափությամբ ու տրամաբանությամբ տապալվեց աշխարհում գոյություն ունեցող բռնապետություններից ևս մեկը, այս անգամ Լիբիայում:
«Լիբիայի ժողովուրդն ստիպված եղավ դա անել համառ ու արյունալի պայքարում, քանզի այստեղ հաստատված բռնապետական ռեժիմը տևական ժամանակի ընթացքում հնարավորություն էր ստացել երկրի ողջ ռեսուրսները ներդնել սեփական իշխանության ամրապնդման ու հավերժացման համար ու զրկվել քաղաքական ընկալման ու քաղաքական լեզվով խոսելու որևէ ունակությունից», - նշվում է փաստաթղթում:
ՀԱԿ-ում կարծում են, որ Թունիսից ու Եգիպտոսից հետո Լիբիան ստացավ օրինակարգ իշխանություն ունենալու, ժողովրդավարության ներդրման, իրավական պետություն դառնալու և ազատ հասարակություն դառնալու հնարավորություն: «Անքակտելի այդ իրավունքն ունեն աշխարհի բոլոր ժողովուրդները՝ անկախ դրա իրականացման ձևից», - նշվում է տեղեկատվության մեջ:-0-