Բաքվի ապակառուցողական դիրքորոշումը թույլ չտվեց հասնել առաջընթացի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում, հինգշաբթի ասաց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողների հետ հանդիպման ժամանակ:
«Մենք հասել էինք այնպիսի փուլի, երբ միջնորդները, միջազգային հանրությունն ու Հայաստանը, որը նրանց հետ համահունչ դիրքորոշում ունի, կարծում էին, որ Ռուսաստանի միջնորդությամբ և ՌԴ նախագահի մասնակցությամբ Կազանում կայացած հանդիպման ժամանակ համանախագահների կողմից ներկայացված հիմնարար սկզբունքները կարող են հիմք դառնալ ղարաբաղյան խնդրի կարգավորման համար: Ադրբեջանի ժխտման քաղաքականության և ապակառուցողական դիրքորոշման պատճառով առաջընթաց արձանագրել չհաջողվեց», - ասաց Նալբանդյանը:
Հունիսի 24-ին Կազանում տեղի է ունեցել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը՝ նվիրված ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, որի ընթացքում ղարաբաղյան խնդրի հարցում էական առաջընթաց ձեռք չի բերվել:
Նախարարը նշեց, որ նույն բանը տեղի ունեցավ 2011 թ.-ի մարտին Սոչիում կայացած գագաթնաժողովի, 2010 թ.-ի հոկտեմբերին Աստրախանում կայացած գագաթնաժողովի և 2010 թ.-ի հունիսին Սանկտ Պետերբուրգում կայացած գագաթնաժողովի ժամանակ, որտեղ Ադրբեջանը, փաստորեն, խոչընդոտեց համաձայնության ձեռք բերմանը:
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց հետևանքով երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-