ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի, /Նովոստի-Արմենիա/. Հարավաֆրիկացի բռնցքամարտիկ Էվանս Մբամբան հինգշաբթի հայ լրագրողներին հայտարարել է, որ երկար տարիներ է երազում մրցել աշխարհի չեմպիոն Վիկ Դարչինյանի հետ, ով մարզաշխարհում հայտնի է «կատաղի ցուլ» մականունով:
IBF, WBA, WBC և IBO վարկածներով աշխարհի ութակի չեմպիոն, գերթեթև քաշային կարգում IBF, WBA և WBC վարկածներով աշխարհի բացարձակ չեմպիոն Դարչինյանը (40 մենամարտ, 37 հաղթանակ) Երևանում սեպտեմբերի 3-ին 12-ռաունդանոց մենամարտ կանցկացնի հարավաֆրիկացի բռնցքամարտիկ Էվանս Մբամբայի դեմ (19 մենամարտ, 18 հաղթանակ): Մենամարտն անցկացվում է «Հայաստան և աշխարհ» պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի շրջանակներում: Մրցակցին ընտրել է Բռնցքամարտի միջազգային կազմակերպությունը (IBO), քանի որ այս մենամարտում Դարչինյանը պետք է պաշտպանի IBO վարկածով աշխարհի չեմպիոնի գոտին:
«Երկար տարիների ընթացքում ես երազում էի մրցել Վիկ Դարչինյանի հետ և շատ ուրախ եմ, որ իմ երազանքն իրականացավ», - Երևանում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Մբամբան:
Նա շնորհակալություն հայտնեց մենամարտի բոլոր կազմակերպիչներին: «Գիտակցում եմ, որ Վիկը շատ լուրջ մրցակից է, այդ պատճառով ութ շաբաթվա ընթացքում ես ջանասիրաբար պատրաստվում էի այս մենամարտին», - ասաց հարավաֆրիկացի բռնցքամարտիկը:
Մբամբայի մարզիչ Նիկոլա Դուրադան նշեց, որ մենամարտը կազմակերպվել է բավականին բարձր մակարդակով՝ ավելացնելով, որ իրենց համար մեծ պատիվ է գտնվել Հայաստանում:
«Կազմակերպչական հարցերը չափազանց կարևոր են մեզ համար, քանի որ մեր բռնցքամարտիկը միակ պարտությունը կրել է Մեքսիկայում հենց կազմակերպիչների անորակ աշխատանքի պատճառով, ովքեր ստիպեցին մեզ մի քանի անգամ հեռանալ երկրից և կրկին վերադառնալ», - նշեց մարզիչը:
Նշելով, որ հիացած է Հայաստանով՝ Դուրադան կատակով ավելացրեց, որ «Արարատը պատկանում է հայերին, սակայն համոզված չէ, որ չեմպիոնական գոտին կմնա այստեղ»:
Դարչինյանն իր հերթին հայտարարեց, որ միանշանակ տրամադրված է հաղթանակի՝ ընդգծելով, որ հանդիսատեսին իսկական շոու է սպասում:
«Խոստանում եմ, որ մենամարտի ժամանակ ձեզ բազմաթիվ անակնկալներ են սպասում, ես մենամարտին պատրաստվել եմ երկու անգամ ավելի երկար, քան իմ մրցակիցը և պատրաստ եմ հաղթանակ տանել իմ հայրենիքում», - ասաց Դարչինյանը:
Նրա խոսքերով՝ մենամարտի կազմակերպումը կապված է մեծ ծախսերի հետ, և այս մենամարտն անցկացվում է Հայաստանում հովանավորների շնորհիվ:
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մրցակցիս՝ մենամարտին մասնակցելու համաձայնություն տալու համար, քանի որ ոչ բոլոր բռնցքամարտիկներն են համաձայնում մրցել ինձ հետ: Այս քայլը խոսում է իմ մրցակցի պատրաստվածության և խիզախության մասին», - հայտարարեց Դարչինյանը:-0-