ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը դիմել է միջազգային կառույցներին Երևանում մարտի 1-2-ի իրադարձությունների որոշ տեսագրությունների հավաստիությունն ուսումնասիրելու հարցում աջակցություն ստանալու նպատակով, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց Քննչական հատուկ ծառայության հատկապես կարևոր գործերի ավագ քննիչ, մարտի 1-ի իրադարձություններով գործի քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը:
«Փորձագիտական գնահատականի հարցում օժանդակության ցուցաբերման գլխավոր դատախազի միջնորդությունը վերաբերում է «Ահա թե ինչպես են կրակում 2008 թվականի մարտի 1-ին...» անվանումով տեսագրությանը, որը տեղադրվել էր մայիսի 23-ին youtube.com կայքում «martimek2008» օգտագործողի կողմից»,- ասաց Հարությունյանը:
Նա նշեց, որ տեսագրությունում մոնտաժի կամ համակարգչային միջամտության առկայությունը պարզելու, տեսագրության որակի առավելագույն բարելավման և պատկերների նույնացման հնարավորության նպատակով նշանակվել է դատահամակարգչային փորձաքննություն, որի եզրակացության համաձայն, տեսագրությունը կատարվել է մեծ հեռավորությունից, բարձր անկյան տակ, գիշերային ժամանակ վատ լուսավորության ներքո: Նման տեսագրությունից ստացված պատկերը չի կարող նույնականացվել համակարգչային ավտոմատացման միջոցով:
Ոստիկանի հագուստով մարդու կողմից կիրառած զենքի տեսակը պարզելու համար նշանակվել է տեսալսա- և դատաբալիստիկ համալիր փորձաքննություն, որի ընթացքում փորձնական կրակոցներ են կատարվել նույն զենքից և նույն փամփուշտներով, որոնք ունեին Երևանի Պարոնյան փողոցում մարտի 1-ին ծառայության մեջ գտնվող անձինք:
Ելնելով համազգեստով մարդու կողմից իրականացրած երկու հավանական կրակոցների պարբերականությունից՝ փորձագետները եկել են եզրահանգման, որ դրանք կարող էին կատարվել «ԱԿՍՈՒ» ինքնաձիգի դատարկ փամփուշտներով:
Միաժամանակ ֆիքսվել է, որ տեսագրությունում առկա տվյալները չեն պարունակում այնպիսի բնութագրեր, որոնցով կարելի կլիներ որոշել կրակոցների փաստը կոնկրետ զենքից և կոնկրետ փամփուշտներով:
Առկա փաստերը թույլ են տալիս միայն ենթադրական եզրակացություն կատարել, քանի որ տեսագրությունը շատ հեռվից է կատարված, արհեստական լուսավորման պայմաններում, ինչը թույլ չի տալիս ապահովել պատկերի պարզությունը:
Հաշվի առնելով, որ գործի համար կարևորություն ներկայացնող մի շարք հարցերի մասով անցկացված փորձաքննությունները սպառիչ պատասխաններ չեն տվել, գլխավոր դատախազը դիմել է միջազգային կառույցների ներկայացուցիչներին՝ տեսագրության փորձաքննության անցկացման հարցում օժանդակություն ցուցաբերելու նպատակով: Գլխավոր դատախազը միաժամանակ նշել է փորձաքննության անցկացման համար անհրաժեշտ բոլոր պայմաններն ապահովելու պատրաստակամությունն ինչպես Հայաստանում, այնպես էլ արտասահմանում:
Ինչ վերաբերում է Պաշտպանության նախարարության ստորաբաժանումների ներգրավման լուրերին Երևանում մարտի 1-2-ի դեպքերում, Հարությունյանը նշեց, որ զանգվածային անկարգությունների կանխարգելման և հասարակական կարգի վերականգնման միջոցառումներին մասնակցել են Ոստիկանության ստորաբաժանումները:
Իսկ նախագահի հայտարարած արտակարգ դրության ապահովման նպատակով Պաշտպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումները տեղաբաշխվել են քաղաքի տարբեր մասերում, սակայն զանգվածային անկարգությունների ընթացքում նրանք առավելապես գտնվել են ոստիկանական ստորաբաժանումների թիկունքում և ուղիղ կապ չեն ունեցել զանգվածային անկարգությունների մասնակիցների հետ: --0-