ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի կոալիցիայի և ընդդիմադիր ՀԱԿ-ի միջև երկխոսությունը չի ընդհատվել և կվերսկսվի ապագայում, համոզված է ՀՀԿ-ի խորհրդարանական խմբակցության ղեկավար, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը:
Կոալիցիայի ներկայացուցիչների հետ ընդդիմության հերթական հանդիպումը պետք է սկսվեր անցած ուրբաթ։ Սակայն ՀԱԿ-ը հայտնեց, որ աննպատակահարմար է համարում կոալիցիոն ուժերի հետ երկխոսության տվյալ ռաունդին մասնակցությունը։ Ավելի ուշ ՀԱԿ-ը հայտարարել էր, որ Կոնգրեսի երաշխավորությամբ ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանին (ում ձերբակալել էին Ոստիկանության հետ ընդհարումից հետո) ձերբակալությունից ազատ արձակելու մասին նախնական պայմանավորվածության խախտման պատճառով դադարեցրել է իշխող ՀՀ կոալիցիայի հետ բանակցություններում իր մասնակցությունը։
«Ինչ վերաբերում է ՀԱԿ-ին, ապա երկխոսությունը մինչ օրս շարունակվում է, քանի որ և հեռուստատեսությամբ և այլ ԶԼՄ-ներով բավականին լուրջ քննարկումներ են ընթանում: Պարզապես փոխվել են ձևաչափն ու մթնոլորտը, այնուամենայնիվ արդյունքները նույնն են, քանի որ մարդիկ փորձում են ներկայացնել իրենց տեսակետները», - չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Սահակյանը:
Նա նաև նշեց, որ ՀԱԿ-ը չպետք է մեղադրանքներ ներկայացնի կոալիցիային երկխոսության դադարեցման կապակցությամբ, քանի որ հենց «երկխոսությունն է կարողացել հանել նրանց քաղաքական ճահճից և բերել քաղաքական դաշտ»:
Խոսելով պատճառների մասին, որոնցով կոալիցիան համաձայնեց երկխոսության, Սահակյանը նշեց, որ իշխանությունները գիտակցում են, որ երկխոսությունը չափազանց անհրաժեշտ է ժողովրդին, որը կկարողանա ավելի լավ կողմնորոշվել երկրի քաղաքական իրավիճակում և դառնալ քաղաքական կյանքի մասնակից:
ՀՀԿ խմբակցության ղեկավարn ընդհանուր առմամբ դրական է գնահատել ՀԱԿ-ի և կոալիցիայի երկխոսությունը՝ ընդգծելով, որ Հայաստաի կոալիցիայի գոյության ժամանակաշրջանում ցանկացած քաղաքական ուժի հետ երկխոսություն վարելու մերժման դեպքի չի եղել:
Միաժամանակ Սահակյանը խորհուրդ տվեց ձեռնպահ մնալ հայտարարություններից այն մասին, թե երկխոսությունը փակուղի է մտել՝ հիշեցնելով, որ բանակցությունների նպատակը ժողովրդի նպատակների և կարիքների քննարկումն է:
Այնուհետև ՀԱԿ-ի հետ բանակցություններում Հայաստանի իշխող կոալիցիան ներկայացնող աշխատանքային խումբը հայտարարություն էր տարածել, որտեղ ափսոսանք է հայտնում ՀԱԿ վերջին գործողությունների հետ կապված, և ընդգծվում է երկխոսությունը շարունակելու վերաբերյալ կոալիցիայի պատրաստակամությունը։ Աշխատանքային խումբը նշեց, որ այդ կարևոր քաղաքական գործընթացի հետ չի կապել, չի կապում և չի կապի միջադեպին մասնակից երիտասարդի (Առաքելյանի) հանդեպ խափանման միջոցի փոփոխությունը, քանի որ այն լիովին գտնվում է իրավական հարթությունում։
«Բարգավաճ Հայաստան» և «Օրինաց երկիր» կուսակցություններն ընդգրկված են Հայաստանի Հանրապետական կուսակցության գլխավորած իշխող կոալիցիայի կազմում, որը ձևավորվել է 2008 թ.-ի մարտի 21-ին:-
ՀԱԿ-ը ստեղծվել է 2008 թ.-ի օգոստոսի 1-ին: ՀԱԿ-ի կազմում ներառված է շուրջ 20 քաղաքական կուսակցություն և կազմակերպություն: ՀԱԿ-ի առաջնորդն է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:--0--