Հետազոտությունների համաձայն` Երևանի քաղաքային տրանսպորտի մոտ 90 տոկոսը կազմում են միկրոավտոբուսները, ինչն անընդունելի շատ է քաղաքի պայմաններում, ասաց Հայաստանի Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը։
«Ուսումնասիրությունները ցույց են տալիս նաև, որ միկրոավտոբուսների 63 տոկոսը մասամբ ապամոնտաժված են, մասնավորապես, փոփոխված են ուղևորների նստատեղերը, ինչն անվտանգության լրացուցիչ սպառնալիք է»,- ուրբաթ ասաց Պողոսյանը «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում մամուլի ասուլիսում։
Նա միաժամանակ նշեց, որ Ասոցիացիայի անցկացրած հարցման համաձայն` մայրաքաղաքի քաղաքացիների 93 տոկոսը նախընտրում է երթևեկել ընդարձակ տրանսպորտով կամ էլեկտրատրանսպորտով, սակայն նման հնարավորության բացակայությունից ելնելով՝ ստիպված է օգտվել «երթուղային տաքսիներից»։
«Երևանի իշխանությունները ներկայում մշակում են մայրաքաղաքի քաղաքային տրանսպորտի զարգացման հայեցակարգ, որը նախատեսում է միկրոավտոբուսների թվի հարաբերական կրճատում փոքր և խոշոր ավտոբուսների հաշվին»,- ասաց Պողոսյանը։
Սակայն, ինչպես կարծում է փորձագետը, սա Երևանում քաղաքային տրանսպորտի խնդիր է, երբ մարդիկ հաճախ ստիպված են երթևեկել ոչ պատշաճ պայմաններում՝ սեղմված կամ մահու չափ թեքված վիճակում։
Որպես խնդրի լուծում` Պողոսյանն առաջարկում է նոր հայեցակարգում շեշտադրումն անել էլեկտրատրանսպորտի զարգացման վրա, որն էկոլոգիապես ավելի անվտանգ է, տարողունակ է, իսկ, հաշվի առնելով երկրում արտադրվող էլեկտրաէներգիան՝ առավել շահավետ։
Ըստ նրա` այսօր Հայաստանում իրավիճակն ուղիղ համեմատական է էլեկտրատրանսպորտի զարգացման հեռանկարներին՝ տարեկան 4-5 տոկոսով կրճատվում է էլեկտրատրանսպորտի ծավալը՝ տրամվայների գծերն ապամոնտաժված են, ճոպանուղին չի գործում, իսկ մայրաքաղաքում գործող հազվադեպ տրոլեյբուսները նույնպես շուտով կվերացվեն։
Բացի այդ, նա նաև անընդունելի համարեց տարբեր տեսակի տրանսպորտի գնային դիվերսիֆիկացիայի բացակայությունը։ «Անընդունելի են նաև վարորդների աշխատանքային պայմանները, ովքեր նախատեսված 7 ժամվա փոխարեն աշխատում են օրական 12-16 ժամ, ինչը բարձրացնում է անվտանգության սպառնալիքը, առավել ևս, երբ վարորդների պահանջարկն աճում է որակյալ համապատասխան կադրերի բացակայության դեպքում»,- ասաց Պողոսյանը։
Նա նշեց, որ Ասոցիացիան բազմիցս դիմել է իր առաջարկներով քաղաքապետարան, սակայն կոնկրետ պատասխան այդպես էլ չի ստացել, ինչպես նաև չի թույլատրվել քաղաքային տրանսպորտի զարգացման նոր ռազմավարության քննարկումներին մասնակցելու։
Նրա խոսքով` այսօր քաղաքային իշխանությունների համագործակցությունը հասարակական կազմակերպությունների հետ ձևական բնույթ է կրում և հաճախ համապատասխան արդյունքներ չի տալիս։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը, սեպտեմբերին պատրաստ կլինի տրանսպորտային ոլորտի բարեփոխումների համալիր ծրագիրը, որը նախատեսում է միկրոավտոբուսների փոխարինում փոքր և միջին չաթերի ավտոբուսներով՝ ժամանակային և երթուղային ավելի ճկուն ժամանակացույցներով։
Այս առիթով քաղաքապետարանը գնում է 150-200 նոր ավտոբուսներ, ինչը թույլ կտա բեռնաթափել մայրաքաղաքի հասարակական տրանսպորտը, նվազեցնել միկրոավտոբուսների թիվը։ -0-