ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Ուսումնական նոր տարում Երևանի դպրոցների 2-4-րդ դասարաններում շաբաթը երկու անգամ շախմատ է դասավանդվելու, ասաց Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը:
2011 թ.-ի ապրիլի 14-ից ՀՀ կառավարության կողմից ընդունված որոշման համաձայն՝ շախմատը դասավանդվելու է հայկական դպրոցների տարրական դասարաններում՝ որպես առանձին առարկա:
««Շախմատ» առարկայի վերաբերյալ հինգ անուն ուսումնական նյութերն արդեն պատրաստ են, որոնց թվում են` դասագրքեր, աշխատանքային տետրեր, մանկավարժական ձեռնարկ և տետր գործնական վարժությունների համար», - ուրբաթ ասաց Սողոմոնյանը մամուլի ասուլիսի ժամանակ:
Նա պարզաբանեց, որ դպրոցներին ուսումնական նյութերի բաշխումը կսկսվի մեկ-երկու օրվա ընթացքում:
Նրա խոսքերով՝ դպրոցներում շախմատն ուսուցանվելու է առանձին, հատուկ դասասենյակներում:
«Շախմատի ակադեմիայի ջանքերով բոլոր դպրոցները կստանան շախմատի տախտակներ, ինչպես նաև շախմատի ժամացույցներ», - ասաց նա:
Վարչության պետն ավելացրեց, որ ՀՀ ԿԳ նախարարության աջակցությամբ դասասենյակները կապահովվեն դպրոցական կահույքով:
Սողոմոնյանը նաև նշեց, որ բոլոր դպրոցներում արդեն կան շախմատ դասավանդողներ, որոշ դպրոցներում համապատասխան վերապատրաստում և հավաստագրում են անցել դպրոցական կոլեկտիվի անդամները, իսկ մյուս դպրոցների դասաժամերը կվարեն Շախմատի ակադեմիայի մասնագետները:
ՀՀ կառավարությունը Հայաստանի շախմատի ակադեմիային շուրջ 117 մլն դրամ (շուրջ 470 հազար դոլար) է հատկացրել՝ տարրական դասարաններում շախմատի ուսուցման կազմակերպման, համապատասխան դասագրքերի և ձեռնարկաների հրատարակման, շախմատի հետ կապված գույքի ձեռք բերման, ինչպես նաև որակյալ կադրերի պատրաստման համար:
Եվս 386 մլն դրամ (շուրջ 1,03 մլն դոլար) է հատկացվել ՀՀ ԿԳՆ-ին` հատուկ կահույքի ձեռք բերման համար:
Շախմատի հայկական դպրոցն ուժեղագույններից մեկն է աշխարհում: Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականը աշխարհի գործող չեմպիոնն է և օլիմպիական կրկնակի չեմպիոն է:-0-