ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ կառավարությունը հինգշաբթի հաստատել է բուհերի ուսանողների ակադեմիական շարժունության կարգը:
«Խոսքն ինչպես բուհի ներսում, այնպես էլ միջբուհական համակարգում ուսանողների տեղափոխման գործընթացի կարգավորման մասին է», - կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:
Նա նաև պարզաբանեց, որ այս որոշոմը բխում է Բոլոնյան կոնվենցիայի մի շարք դրույթների կատարման անհրաժեշտությունից, որը թույլ է տալիս ապահովել կրթություն ստանալու ուսանողների իրավունքը, ինչպես նաև հստակ հակակոռուպցիոն բնույթ է կրում:
«Մինչ այժմ գործող կարգը հնարավորություն էր տալիս ընդունել կամայական որոշումներ», - պարզաբանեց Աշոտյանը;
Հայաստանում այժմ գործում է 16 պետական և 42 ոչ պետական բուհ, ինչպես նաև՝ չորս բուհ միջպետական պայմանագրերի շրջանակներում (Ռուս-հայկական սլավոնական համալսարան, Հայաստանի ամերիկյան համալսարան, Հայաստանի ֆրանսիական համալսարան և Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա):-0-