Հայաստանի համաճարակաբանական իրավիճակը կայուն է և գտնվում է վերջերս ստեղծված Անասնաբուժասանիտարիայի, բուսասանիտարիայի և սննդամթերքի անվտանգության ծառայությունների մատուցման կենտրոնի վերահսկողության տակ, ասաց ՀՀ գյուղատնտեության նախարարի առաջին տեղակալ Գրիշա Բաղյանը:
Այս կենտրոնի ստեղծման մասին որոշումը ՀՀ կառավարությունն ընդունել է այս տարվա մայիսին:
«Նոր կենտրոնը զբաղվելու է բուժական և կանխարգելիչ աշխատանքներով, հիվանդությունների բացահայտմամբ, դրանց հետագա բուժմամբ», - չորեքշաբթի ասաց Բաղյանը մամուլի ասուլիսի ժամանակ:
Նշելով, որ կենտրոնի մարզային ստորաբաժանումները սերտորեն համագործակցելու են ֆերմերների հետ` նա ասաց, որ կառույցի առջև մեծ ծավալով աշխատանքների իրագործման խնդիր է կանգնած, մասնավորապես` պետպատվերի շրջանակներում կանխարգելիչ միջոցառումների անցկացման և անասունների հիվանդությունների բուժման ուղղությամբ:
Փոխնախարարն այս կապակցությամբ նշեց, որ այս տարի Հայաստանում անասունների այնպիսի հիվանդություններ են բացահայտված, ինչպիսիք են պաստերլյոզը, էմկարն ու արյան պարազիտային հիվանդությունը:
«Խոշոր եղջրավոր անասունի պաստերելյոզ է գրանցվել Արագածոտնի մարզի Ուշի գյուղում, ինչպես նաև Լոռու մարզի Մեծ Պարնի և Կարմաղբյուր գյուղերում, Թումանյանում, Սիսիանում», - ասաց նա:
Բաղյանը նաև պարզաբանեց, որ անհրաժեշտ բոլոր միջոցառումներն իրականացվել են ժամանակին, այդ թվում նաև այս հիվանդության բացահայտումն ու բուժումը, որն իրականացվում է պետպատվերի շրջանակներում, իսկ պատվաստումներն իրականացվել են նորաստեղծ կենտրոնի աշխատակիցների կողմից:
Բաղյանի խոսքերով` Շիրակի մարզում անասունի կատաղության, ինչպես նաև բրուցելոզի միայն մի դեպք է գրանցվել, որոնք երկրի տարբեր մարզերում ժամանակին բացահայտվել են, իսկ հիվանդ անասունները ենթարկվել են սանիտարական սպանդի:-0-