ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է շուրջերկրյա ճանապարհորդություն իրականացրած «Արմենիա» առագաստանավի անձնակազմին, հաղորդում է հայկական պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։
Հանդիպման ընթացքում նախագահը գոհունակություն է հայտնել հայապահպանման, մշակութային արժեքների հաշվառման և փաստագրման կարևոր աշխատանքի հաջող ավարտի կապակցությամբ:
Անդրադառնալով նավարկության ընթացքում աշխարհի տարբեր երկրների հայ համայնքների ներկայացուցիչների հետ շփումներին՝ Սարգսյանը նշել է, որ աշխարհաշուրջի ընթացքում բոլոր համայնքների ակտիվությունը, շփման ցանկությունը մեկ անգամ ևս փաստում են, որ այդ աշխատանքը, իրոք, անհրաժեշտություն էր։
Գիտարշավի ղեկավար Զորի Բալայանն իր հերթին նախագահ Սերժ Սարգսյանին պատմել է շուրջերկրյա նավարկության ընթացքում իրենց բաժին հասած դժվարությունների և փորձությունների, ինչպես նաև նվաճումների մասին:
Հանդիպման ավարտին գիտարշավի անդամները նախագահին են հանձնել Հայաստանի դրոշը, ինչպես նաև Արցախյան պատերազմում նահատակված անմահ հերոսների մասին գիրքը, որոնք նավարկության ողջ ընթացքում եղել են իրենց հետ:
«Արմենիա» առագաստանավով շուրջերկրյա նավարկությունը «Մեսրոպ Մաշտոց» արշավի շրջանակներում մեկնարկել է 2009 թվականի մայիսի 28-ին Վալենսիայից: Նավարկության ընթացքում հատուկ երթուղի է մշակվել, որի շրջանակներում չի շրջանցվել մոլորակի ոչ մի անկյուն, ուր ապրում է գոնե մեկ հայ։ Առագաստանավը պետք է խարիսխ գցի հինգ մայրցամաքների նավահանգիստներում՝ անցնելով Ատլանտյան, Խաղաղ և Հնդկական օվկիանոսների ջրերով։ —0—