ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Երևանի քաղաքապետարանի կողմից փողոցային առևտրի արգելումը և կրպակների ապամոնտաժումն ընդհանուր առմամբ ժողովրդագրական իրավիճակի վատացման կհանգեցնի, կարծում է ժողովրդագետ Ռուբեն Եգանյանը:
Երևանի կենտրոնում արդեն մի քանի օր քաղաքապետարանի որոշմամբ մանրածախ առևտրի և ծառայությունների կրպակների հարկադիր ապամոնտաժում է սկսվել։ Երևանի քաղաքապետարանը հայտարարել է, որ պայմանագրերի ժամկետներն այլևս չեն երկարացվի, իսկ հողատարածքները կտրամադրվեն միայն թերթի կրպակների համար՝ կենտրոնի հաղորդակցությանը չխանգարելու նպատակով։
«Ինչպես ժողովրդագրության, այնպես էլ միգրացիայի տեսանկյունից փողոցային առևտրի անսպասելի արգեումը և կրպակների փակման պատճառով առաջացած խնդիրները բացասական հետևանքներ կունենան: Իհարկե, հիանալի կլիներ, եթե մեր կյանքի մակարդակը թույլ տար գնալ կրպակների փակման: Սակայն արդյոք համապատասխան պայմաններ կա՞ն, որպեսզի նման քայլերի գնանք»,- երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Եգանյանը:
Փորձագետը նշեց, որ նման արգելքը մի կողմից կհանգեցնի նրան, որ երկիրը կլքեն բավականին միջոցներ ունեցող առևտրականները, մյուս կողմից՝ այդ շերտի երիտասարդները չեն կարողանա ամուսնանալ իրենց սոցիալական դրության վատացման պատճառով:
Ապամոնտաժման ենթակա կրպակների սեփականատերերն արդեն մի շարք ակցիաներ են անցկացրել քաղաքապետարանի, կառավարության և նախագահի նստավայրի մոտ:
Անցած շաբաթ նրանք նամակ են ուղղել քաղաքապետարան՝ քաղաքապետարանի Ավագանու խորհրդի արտահերթ նիստ գումարելու և համապատասխան փաստաթղթերի լիարժեք ձևակերպման և վարձակալության մասին պայմանագրի երկարացման պահանջով:
Այսօրվա դրությամբ մայրաքաղաքում հաշվառվում է 3395 կրպակ, որոնցից շուրջ 1180-ը չեն գործում։ Ըստ քաղաքապետարանի տվյալների՝ այս տարի արդեն 912 չգործող կրպակ է ապամոնտաժվել, ևս 266-ը լքվածության պատճառով ենթակա են ապամոնտաժման: -0-