Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը երկուշաբթի հերթական աշխատանքային խորհրդակցության ընթացքում հանձնարարեց մայրաքաղաքի զարգացման ծրագիր մշակել առաջիկա երեք տարիների համար, հաղորդում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:
«Երևանի հավասարաչափ զարգացման ապահովման համար անհրաժեշտ է ունենալ հետագա գործողությունների հստակ ծրագիր: «Օրվա խնդիրներին լուծում տալուց բացի, մենք պետք է հստակ պատկերացում կազմենք նաև, թե ինչպես է զարգանալու մեր քաղաքը վաղը»,- ընդգծեց Կարապետյանը:
Մամուլի հաղորդագրության համաձայն` մայրաքաղաքի արտաքին տեսքի բարեկարգման ծրագրի շրջանակում արդեն մեկնարկել են կամարների բարեկարգման աշխատանքները:
Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ մշակված ծրագրի համաձայն` առաջիկայում բարեկարգ տեսք կստանան նաև ստորգետնյա անցումները:
Անցումների բարեկարգման ծրագրի մասով հայտարարված մրցույթներով հավանական ներդրողներին են ներկայացվել պայմանները, համաձայն որոնց` կնորոգվեն ու կլուսավորվեն տարածքները, կապահովվի սանիտարական պատշաճ վիճակը:
Բացի այդ, առևտրային տաղավարներ կառաջարկվեն գործարարությամբ զբաղվող քաղաքացիներին: -0-