ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը դեռևս չպետք է միջամտի Անկարայի և Թուրքիայի քուրդ բնակչության միջև հակամարտությանը, կարծում է թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը:
«Առաջին հերթին, դեռևս վերջնականապես պարզ չէ Թուրքիայում քրդական շարժման տրամաբանությունը, երկրորդ՝ նույնիսկ եթե Թուրքիայի քրդերը ինչ-որ ժամանակ կարողանան իրականացնել Քուրդստանի ստեղծման իրենց երազանքը, ապա դա կհանգեցնի հայկական և քրդական շահերի բախմանը տարածքային պահանջների հարցում», - շաբաթ օրը լրագրողներին ասաց Հովհաննիսյանը:
Նրա խոսքերով՝ այսօր Թուրքիայի քրդական շարժումն այնքան էլ միասնական չէ և ընթանում է երկու ուղղությամբ:
«Որոշ ուժեր կարծում են, թե Թուրքիայի իշխանությունների հետ երկխոսությունը հարկավոր է մարտի դաշտից տեղափոխել խորհրդարան, առավել ևս, որ հունիսին կայացած ընտրություններից հետո Թուրքիայի մեջլիսում քուրդ պատգամավորների աննախադեպ քանակ է ներկայացված (36 մարդ): Սակայն ոչ բոլորն են այդպես կարծում, և նույնիսկ կան արմատականորեն տրամադրված ուժեր, որոնք կարծում են, որ արդեն հարկավոր է քննարկել ոչ թե քրդական հարցը, այլ պայքարել Քուրդստանի ստեղծման համար», - ասաց նա:
Հովհաննիսյանը նաև նշեց, որ հնարավոր չի համարում առաջիկայում քրդական հարցի լուծումը, քանի որ Թուրքիայի իշխանությունները դա թույլ չեն տա:
«Իհարկե, Թուրքիայում այսօր բազմաթիվ ներքին խնդիրներ կան, սակայն Էրդողանի և Գյուլի հայտարարություններն այն մասին, թե Թուրքիան ռամադանից հետո միջոցներ կձեռնարկի, հստակ ցույց են տալիս, որ Անկարան ընթանալու է հին ուղով, և օգոստոսի 29-ից հետո (ռամադանի ավարտ) Թուրքիայում քրդերի լուրջ ճնշում կսկսվի», - նշեց նա:
Թուրքագետը վերջերս է վերադարձել Թուրքիայից և տեղեկացրեց, որ գրեթե բոլոր բնակավայրերում, նույնիսկ ամենահեռավոր լեռնային գյուղերում, պարեկություն են իրականացնում թուրք զինվորականները:
«Իհարկե, չեմ կարծում, որ Թուրքիան քուրդերի ցեղասպանություն է պատրաստում, ինչպես այդ մասին հայտնել էր քուրդ դիվանագետներից մեկը, սակայն կարծում եմ, որ քուրդ բնակչության դեմ լուրջ ուժ կկիրառվի», - ընդգծեց Հովհաննիսյանը:-0-