ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Երկու ավտոմեքենա է բախվել հինգշաբթի երեկոյան Սպիտակ-Ապարան ավտոճանապարհին, մեկ մարդ զոհվել է, մի կին վնասվածքներ է ստացել, հաղորդում է ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունը:
«Հինգշաբթի ժամը 21.00-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ Սպիտակ-Ապարան ավտոճանապարհի 15-րդ կիլոմետրին տեղի է ունեցել ավտոպատահար, տուժածներին ավտոմեքենաներից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարարական ջոկատը», - նշվում է տեղեկատվության մեջ:
Պարզվել է, որ բախման հետևանքով տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել երկու վարորդները՝ «Միցուբիշի Պաջերո» մակնիշի մեքենայի ղեկին գտնվող 39-ամյա Նորա Էվոյանն ու «ՎԱԶ-21012» մակնիշի մեքենայի վարորդ 43-ամյա Թորգոմ Մելքոնյանը:
Մինչև փրկարարների ժամանելը նրանք տեղափոխվել են Սպիտակ քաղաքի հիվանդանոց, որտեղ Մելքոնյանն ավելի ուշ մահացել է: Էվոյանի առողջական վիճակը բժիշկների կողմից գնահատվել է բավարար:-0-