ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. «Բազե-2011» ամենամյա համահայկական երիտասարդական հավաքի եզրափակիչ փուլը կանցկացվի օգոստոսի 20-24-ը Ծաղկաձորում, հաղորդում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի մամուլի ծառայությունը, որն այս ավանդական միջոցառման համակազմակերպիչն է:
«Բազեի» երկրորդ փուլին կմասնակցի ավելի քան 350 երիտասարդ Հայաստանից, Արցախից, Ջավախքից և Սփյուռքից, որոնք բաժանվել են 42 ջոկատների:
Ակնկալվում է, որ հավաքի մասնակիցներին կայցելեն ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, պաշտոնատար այլ անձինք:
Ըստ մամուլի հաղորդարգության՝ այս տարի սկիզբ է դրվում մի նոր ավանդույթի։ Հավաքի մասնակիցների շապիկներին պատկերված են 7 գործիչներ (Մեսրոպ Մաշտոց, Միսաք Մեծարենց, Գրիգոր Զոհրապ, Ալեքսանդր Սպենդիարյան, Գարեգին Նժդեհ, Առնո Բաբաջանյան, Մետաքսյա Սիմոնյան), որոնց հոբելյանը նշվում է 2011-ին։ Հետագայում նույնպես նախատեսվում է հավաքի շրջանակներում անդրադառնալ և մեծարել հայ նշանավոր գործիչներին։
«Բազե» հավաքի առաջին փուլն անցկացվել է Բյուրականում հուլիսի 22-31-ը, որին մասնակցում էին ՀՀ մարզերի և մայրաքաղաքի վարչական շրջանների 18-30 տարեկան ավելի քան 700 երիտասարդներ։ Ճամբարականները Բյուրականում ապրում էին վրանային պայմաններում, մասնակցում էին մարզամշակութային միջոցառումների և արշավների:
Հավաքի մասնակիցների թվում են Հայաստանի պետական և մասնավոր բուհերի ուսանողներ, բազմաթիվ քաղաքական կուսակցությունների երիտասարդական թևերի, հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև Գևորգյանի հոգևոր ճեմարանի, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի ներկայացուցիչներ, հաշմանդամներ:
Ավանդաբար «Բազեի» հավաքների մասնակիցներին բաժանում են երեք մասի՝ «Կարմիր», «Կապույտ» և «Ծիրանագույն», որոնք խորհրդանշում են հայկական եռագույնը։ Նրանք մրցում են միմյանց հետ տարբեր մարզաձևերում, արվեստի, ինչպես նաև ինտելեկտուալ խաղերի բնագավառում:
«Բազե» համահայկական երիտասարդական փառատոնը կավարտվի օգոստոսի 24-ին Հանրապետության հրապարակում կայանալիք բացօթյա գալա համերգով՝ երկու փուլերի բոլոր մասնակիցների մասնակցությամբ։ Համերգին կհնչեն Առնո Բաբաջանյանի երգերը Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի երաժշտական ուղեկցությամբ՝ Երվանդ Երզնկյանի ղեկավարությամբ։ Կհանձնվեն«Բազե» համահայկական երիտասարդական փառատոնի հաղթողների մրցանակները:
«Բազե» փառատոնն անցկացվում է Հայաստանում 2002 թվականից։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում