ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում այլընտրանքային էներգետիկայի զարգացումը թույլ կտա երկրին դուրս գալ համաշխարհային լայն շուկա, ասաց Հայաստանում հելիոֆիկացիայի ծրագրի ղեկավար, տեխնիկական գիտությունների դոկտոր Վահան Համազասպյանը:
«Այսօրվա դրությամբ այլընտրանքային էներգետիկայի համաշխարհային շուկան գնահատվում է շուրջ 40 տրիլիոն դոլար, և եթե Հայաստանին հաջողվի որոշակի տեղ զբաղեցնել այդ շուկայում, ապա հնարավոր կլինի լուծել նաև ճգնաժամից երկրի տնտեսությունը դուրս բերելու հարցը», - ուրբաթ ասաց նա մամուլի ասուլիսի ընթացքում:
Միաժամանակ Համազասպյանը նշեց, որ Հայաստանը կարող է այդ ոլորտում հաջողության հասնել, ձևավորել տնտեսության նոր ճյուղ՝ հելիոտեխնիկա և աշխարհին ներկայացնելով ամբողջովին նոր տեխնոլոգիա՝ շուկայում որոշակի տեղ զբաղեցնել:
Այլընտրանքային էներգետիկայի հարցերով գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, տեխնիկական գիտությունների թեկնածու Սամվել Թադևոսյանն իր հերթին նշեց, որ հաշվի առնելով այն, որ բնական պաշարների աննախադեպ կրճատումը կհանգեցնի էներգիայի այլընտրանքային աղբյուրների ստեղծմանը, ապա Հայաստանն այլընտրանքային էներգետիկայի զարգացման գործընթացներում մասնակցելու իրական հնարավորություն ունի:
«Մեզ մոտ զարգացած է հիմնարար գիտությունը, հարուստ ինժեներական փորձ է կուտակված, ինչպես նաև բավականին լուրջ հաջողություններ կան գիտության տարբեր բնագավառներում», - ասաց նա:
Թադևոսյանը նաև ընդգծեց, որ այս գործընթացին հարկավոր է մասնակցել համակարգված և դասակարգված, Հայաստանում անհրաժեշտ է զբաղվել հիմնարար ուսումնասիրություններով, նյութագիտությամբ, նոր տարրերի բացահայտմամբ կամ սարքավորումների պատրաստմամբ:
«Այս ամենը պետք է ուղղվի էներգետիկ անվտանգության և խնայողությունների, ինչպես նաև բնապահպանական անվտանգության ապահովմանը», - ասաց նա:
Փորձագետն այս կապակցությամբ նշեց, որ Հայաստանում այս նպատակներով հարկավոր է Նորարարական տեխնոլոգիական կենտրոն ստեղծել, որը կհամակարգի այլընտրանքային էներգետիկայի ոլորտի գլոբալ և արդիական խնդիրները և կվերանայի այն ոլորտները, որտեղ Հայաստանը զարգացման և գործընթացի ապահովման ներուժ ունի:-0-