«Ճանապարհորդող նոտաներ» հայտնի երաժշտական միջազգային փառատոնն առաջին անգամ անցկացվում է Հայաստանում, հայտնեց հանրապետության մշակույթի նախարարության մամուլի քարտուղար Գայանե Դուրգարյանը:
«Ծրագիրը բավականին հետաքրքիր է, և դրան մասնակցում է աշխարհի 11 երկրներից 14-27 տարեկան ավելի քան 60 երիտասարդ կատարող»,- ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Դուրգարյանը:
Փառատոնը մեկնարկել է օգոստոսի 13-ին և կտևի մինչև 24-ը: Առաջին փուլի շրջանակներում ողջ հանրապետությունում երիտասարդ կատարողների համար սեմինարներ, փորձեր և վարպետության դասընթացներ են անցկացվում, իսկ փառատոնի համերգային մասը մեկնարկում է օգոստոսի 20-ից Վանաձորում:
Դուրգարյանը տեղեկացրեց, որ վարպետության դասերն ու սեմինարներն անցկացրել են համաշխարհային կարգի հայտնի վարպետները՝ դիրիժոր Խորխե Ագիրան ԱՄՆ-ից, բրազիլացի հոբոյիստ Ալեքս Քլայնը, Կանադայից դասախոսներ՝ Ջերեմի Էպը (հարվածային), Վրաստանից՝ Ալեքսանդր Խաինդրավան (կոնտրաբաս), Մեծ Բրիտանիայից՝ Թիմ Բրաունը (փողային գործիքներ), հայ երաժիշտներ՝ թավջութակահար Արամ Թալալյանը, ջութակահար Բագրատ Վարդանյանը և ալտիստուհի Յանի Դարյանը:
Ինչպես իր հերթին նշեց փառատոնի գործադիր տնօրեն Էլեն Բրեյգերը, ծրագրացանկում ներառված են բոլոր մասնակից երկրների հեղինակների ստեղծագործությունները՝ Կանադայի, ԱՄՆ-ի, Մեքսիկայի, Կոլումբիայի, Պերուի, Բրազիլիայի, Մեծ Բրիտանիայի, Վրաստանի, Թուրքիայի, Հայաստանի, Ռուսաստանի:
Ըստ Բրեյգերի՝ համերգային փուլի եզրափակչում, որը տեղի կունենա Երևանի «Գաֆեսջյան» արվեստի կենտրոնում, երաժիշտները Կասկադ ճարտարապետական համալիրով ինքնատիպ երթ կկազմակերպեն՝ նվագելով իրենց գործիքները:
Համերգային ծրագրի շրջանակներում նաև առաջին անգամ ելույթ կունենա փառատոնի մասնակիցներից բաղկացած Սիմֆոնիկ նվագախումբը:
Ընդհանուր առմամբ լսումների ազգային փուլին մասնակցել է Երևանից և ՀՀ մարզերից 140 կատարող, իսկ արտերկրի մասնակիցների ընտրությունն անց է կացվել նրանցից յուրաքանչյուրի հայրենիքում:
«Ճանապարհորդող նոտաներ» փառատոնի կազմակերպիչներն են ՀՀ մշակույթի նախարարությունը, ԱՄՆ դեսպանատունը և Մշակութային կրթության զարգացման հիմնադրամը:
Առաջին անգամ փառատոնը մեկնարկել է 2007թ.-ի հունիսին Սան Դոմինգոյում և անցել է ԱՄՆ-ի և Դոմինիկյան Հանրապետության երիտասարդ երաժիշտների մասնակցությամբ: Դրա հիմնական նպատակն է աշխարհի տարբեր երկրների երիտասարդ երաժիշտների համախմբումը: -0-