Հայաստանի ոստիկանությունը նյութեր է պատրաստում օգոստոսի 15-ին Երևանի «Հարսնաքար» ռեստորանում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ, որի արդյունքում երկու վիրավոր է տեղափոխվել հիվանդանոց, հինգշաբթի հայտնեց Հայաստանի ոստիկանության մամուլի քարտուղարի օգնական Արմեն Մալխասյանը։
Մալխասյանը հրաժարվեց կատարվածը մեկնաբանել` նշելով միայն, որ փաստով քրեական գործ դեռևս չի հարուցվել, և առայժմ կասկածյալներ չկան։
«Հարսնաքար» ռեստորանային համալիրը գտնվում է Ավան վարչական շրջանում և, ըստ հայկական ԶԼՄ-ների` պատկանում է Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին։
Մի շարք ԶԼՄ-ների տեղեկատվության համաձայն` միջադեպի ժամանակ տուժել են 1986 թվականին ծնված Վերսանդ Մկրտչյանը և 1978 թվականին ծնված Նորայր Աթոյանը, ով Սերժ Սարգսյանի հարազատ եղբոր՝ Սաշիկ Սարգսյանի թիկնապահն է։ Բացի այդ, մամուլում հիշատակվում է ոմն Աշոտ «եզդի» մականունով, ով Ռուբեն Հայրապետյանի անվտանգության աշխատակիցներից է։ -0-