«Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության խորհրդարանական խմբակցության պատգամավորները չորեքշաբթի դիմել են ՀՀ ազգային ժողովի խոսնակ Հովիկ Աբրահամյանին՝ Երևանի մանրածախ կրպակների ապամոնտաժման հարցով խորհրդարանի արտահերթ նիստ անցկացնելու առաջարկով։
Երևանի կենտրոնում արդեն մի քանի օր է, ինչ քաղաքապետարանի որոշմամբ մանրածախ առևտրի և ծառայությունների կրպակների հարկադիր ապամոնտաժում է սկսվել։ Երևանի քաղաքապետարանը հայտարարել է, որ պայմանագրերի ժամկետներն այլևս չեն երկարացվի, իսկ հողատարածքները կտրամադրվեն միայն թերթի կրպակների համար՝ կենտրոնի հաղորդակցությանը չխանգարելու նպատակով։
Այսօրվա դրությամբ մայրաքաղաքում հաշվառվում է 3395 կրպակ, որոնցից շուրջ 1180-ը չեն գործում։ Ըստ քաղաքապետարանի տվյալների՝ այս տարի արդեն 912 չգործող կրպակ է ապամոնտաժվել, ևս 266-ը լքվածության պատճառով ենթակա են ապամոնտաժման։
Խոսնակին ուղղված իր դիմումում «Ժառանգությունը» մի շարք փաստարկներ է բերում, որոնք հաստատում են Ազգային Ժողովում ապամոնտաժման խնդիրը քննարկելու անհրաժեշտությունը։
Ապամոնտաժման ենթակա կրպակների սեփականատերերն արդեն մի շարք ակցիաներ են անցկացրել քաղաքապետարանի, կառավարության և նախագահի նստավայրի մոտ։ Բացի «Ժառանգություն» կուսակցության կողմից ուղղված պաշտոնական ուղերձից, ՀՀ նախագահի վերահսկողական ծառայություն են ուղղվել կրպակների սեփականատերերի ևս շուրջ հարյուր նամակներ։
Բացի այդ, չորեքշաբթի «Ժառանգություն» կուսակցության գրասենյակում տեղի է ունեցել կրպակների մի քանի սեփականատերերի հետ հանդիպում։
Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց ծաղկի կրպակի սեփականատեր Արևիկ Ազարյանը, «Ժառանգություն» կուսակցության պատգամավորների հետ կրպակների ապամոնտաժման հետ կապված հետագա գործողությունների ծրագիր և ռազմավարություն է մշակվել։
Ըստ նրա՝ օգոստոսի 18-ին բողոքողները կհանդիպեն նախագահի նստավայրի մոտ, ինչից հետո կգնան դեպի Երևանի քաղաքապետարան, իսկ այնուհետև՝ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, և չորեքշաբթի կայացած հանդիպման ժամանակ կազմված մի քանի բողոք-նամակներ կփոխանցեն։ -0-