Նախնական հաշվարկներով, 2012 թվականի հունվարի 1-ի դրությամբ հանրապետությունում տավարի գլխաքանակը կկազմի շուրջ 535,0 հազար գլուխ (նախորդ տարվանից 2,5 հազարով ավել), խոզերինը` գրեթե 120,0 հազար (5,2 հազարով ավել), իսկ ոչխարներինը և այծերինը` կգերազանցի 600 հազար գլխի սահմանագիծը (նախորդ տարվանից շուրջ 29 հազարով ավել), հաղորդում է հանրապետության Գյուղատնտեսության նախարարությունը:
Ակնկալվում է, որ միայն անասնագլխաքանակի ավելացման շնորհիվ 2011 թվականին նախորդ տարվանից ավելի կարտադրվի գրեթե 3,0 հազար տոննա միս, և մսի արտադրության տարեկան ծավալը կհասնի 127,0 հազար տոննայի:
Կաթի արտադրությունը կավելանա 8-9 հազար տոննայով և կկազմի 610 հազար տոննա:
Հուլիսի 1-ի դրությամբ, նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատությամբ տավարի գլխաքանակն ավելացել է շուրջ 1,5 հազար, խոզերինը` 3,5 հազար, իսկ ոչխարներինը և այծերինը` գրեթե 23 հազար գլխով:
2011 թ.-ի առաջին կիսամյակում հանրապետությունում արտադրվել է 47,1 հազ. տոննա միս կամ նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատությամբ 3,3 %-ով ավելի, 364,2 հազ. տոննա կաթ (նախորդ տարվանից գրեթե 1%-ով ավել) և 429,2 մլն ձու:
«Դրական տեղաշարժերը հուսալի նախադրյալներ են 2011 թվականին նախորդ տարվանից բարձր ցուցանիշներ ապահովելու համար՝ թե անասնագլխաքանակի, և թե անասնաբուծական մթերքների արտադրության ծավալների ավելացման առումով»,- ասվում է հաղորդագրության մեջ: -0-