ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը հինգշաբթի հրավիրված ասուլիսի ժամանակ պաշտոնապես հայտարարեց, որ ընդդիմադիր Հայ Ազգային կոնգրեսի ձերբակալված ակտիվիստներից ոչ ոք ոստիկանության աշխատակիցների կողմից ֆիզիկական բռնության չի ենթարկվել:
Մեկնաբանելով այդ կապակցությամբ համացանցում տեղադրված կադրերն ու լուսանկարները, նա հայտնեց, որ ձերբակալված ակտիվիստները լուրջ դիմադրություն են ցուցաբերել և «բնականաբար, բերման ենթարկելու ժամանակ ստացած փոքր քերծվածքներ պետք է մնացած լինեին»:
«Ավելին, ձերբակալվածներից մեկը՝ Տիգրան Առաքելյանը, այն բանից հետո, երբ նրան մեքենա են նստեցրել, իրեն ուղեկցող ոստիկանին ասել է, որ սրտի հետ խնդիր ունի և խնդրել է ազատ արձակել ձեռքերը: Սակայն երբ ուղեկցող ոստիկանները նրան ազատ են արձակել, նա առաջ է նետվել և գլխով հարվածել ոստիկանության մեկ այլ աշխատակցի՝ կոտրելով նրա քիթը»,- ասաց Ոստիկանության ղեկավարը: Նա ավելացրեց, որ տուժած ոստիկանն այժմ գտնվում է հիվանդանոցում:
Հայաստանի ոստիկանությունը քրեական գործ է հարուցել ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի 7 ակտիվիստների դեմ, որոնց երեկ` օգոստոսի 9-ին բերման էին ենթարկել Կենտրոնի բաժին:
Ինչպես նշում են մի քանի ԶԼՄ-ներ, երիտասարդ ակտիվիստներին դաժանորեն ծեծել են ինչպես նախքան ձերբակալելը, այնպես էլ ԿՊԶ-ում: Չորեքշաբթի անգամ Facebook սոցիալական ցանցում տեսահոլովակ է հայտնվել, որտեղ տեսախցիկի առջև հայտնվում են ծեծված ակտիվիստները, սակայն անհայտ է նկարահանման ժամանակն ու վայրը:
Սարգսյանը նաև հերքեց այն, որ իբր ձերբակալված անձանց փաստաբաններ չեն տրամադրել: «Այդ միջադեպի առումով ԶԼՄ-ների հրապարակումներին ծանոթանալով, ես հասկացա, որ գործը բոլորովին այլ երանգ է ստանում»,- ավելացրեց Սարգսյանը՝ նշելով, թե ցավում է, որ կատարվածը քաղաքականացնելու փորձեր են արվում:
Ոստիկանության ղեկավարը պատմեց, որ այդ երեկո երկու հերթապահ ոստիկաններ նկատողություն են արել առանց դնչակալի շան հետ զբոսնող երիտասարդին: Սակայն երկու երիտասարդները, այդ թվում՝ Տիգրան Առաքելյանը, մոտեցել են ոստիկաններին և պահանջել են հեռանալ: Նա ընդգծեց, որ ձերբակալվածներն իրենք են ոստիկանների հետ վեճի բռնվել՝ ավելացնելով, որ սա նմանատիպ միակ դեպքը չէ:
Այնուհետև ոստիկաններն օգնություն են կանչել, իսկ Առաքելյանին և նրա ընկերոջն օգնության են հասել ևս մի քանի հոգի, ովքեր ավելի ուշ ձերբակալվել են Ոստիկանության ջոկատի կողմից: Ընդ որում, ինչպես ընդգծեց Սարգսյանը, ձերբակալված անձինք չափազանց անպարկեշտ ձևով վիրավորել են ոստիկաններին ինչպես ձերբակալության ժամանակ, այնպես էլ հետո՝ ոստիկանության բաժանմունքում:
Նա հավաստիացրեց, որ օրենքը խախտողներն արժանի պատիժ կստանան օրենքի ողջ խստությամբ:
Երեքշաբթի Երևանում ձերբակալվել են ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի երիտասարդական թևի 7 ներկայացուցիչներ` Տիգրան Առաքելյանը, Դավիթ Քիրամիջյանը, Վահագն Գեւորգյանը, Սարգիս Գեւորգյանը, Արեգ Գևորգյանը, Արտակ Կարապետյանը և Սահակ Մուրադյանը:
Միաժամանակ իշխող Հանրապետական կուսակցությունից ՀՀ խորհրդարանի պատգամավոր, կոալիցիա-ՀԱԿ բանակցությունների գծով կոալիցիոն աշխատանքային խմբի ղեկավար Դավիթ Հարությունյանը լրագրողներին ասաց, որ ԿՊԶ-ում ՀԱԿ-ի ձերբակալված ակտիվիստների հանդեպ բռնություն չի կիրառվել, և այդ վկայությունները չեն համապատասխանում իրականությանը:
ՀԱԿ-ի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ «բացառված չէ , որ օգտվելով Սերժ Սարգսյանի՝ երկրից բացակայելու փաստից, որոշ ուժեր փորձում են տապալել ՀԱԿ-ի հետ իշխանությունների երկխոսությունը»,- ասվում է հայտարարության մեջ: -0