ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Համահայկական հինգերորդ խաղերի ջահը չորեքշաբթի հատել է Հայաստանի սահմանը և Լեռնային Ղարաբաղից բերվել Սյունիքի մարզի Գորիս քաղաք, հաղորդում է Հայկական երկրորդ հեռուստաալիքը։
Համահայկական հինգերորդ խաղերը կանցկացվեն Հայաստանում օգոստոսի 13-21-ը՝ «Միաբանություն սպորտի միջոցով» խորագրով։ Ջահը վառելու հանդիսավոր արարողությունը կայացել է նախօրեին՝ Գանձասարի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում։
Ինչպես հաղորդում է հեռուստաալիքը, արցախցի մարզիկը հանձնել է ջահը Հայաստանի ըմբշամարտի երկակի չեմպիոն, գորիսեցի Ռոբերտ Լենդրուշյանին, ով, իր հերթին, կփոխանցի այն Վայոց Ձորի լավագույն մարզիկին։
Սյունիքը 2011 թվականի Խաղերում կներկայացնի մոտ 200 մարզիկների։ Այդ տարածաշրջանն առաջիններից մեկն է մասնակցել 1999 թվականի Համահայկական Առաջին խաղերին և ոսկե մեդալ նվաճել։
2011 թվականին խաղերի մասնակիցների թիվը ռեկորդային կլինի՝ 3 հազար մարզիկ, ովքեր Հայաստան կժամանեն աշխարհի 100 քաղաքներից։
Համահայկական խաղերն անցկացվում են տասը մարզաձևերով՝ ֆուտբոլ, բասքետբոլ, վոլեյբոլ, թենիս, սեղանի թենիս, շախմատ, բադմինտոն, լող, աթլետիկա, մինի ֆուտբոլ։ -0-