Ճգնաժամային կառավարման նոր, արդիականացված կենտրոնը Հայաստանում կսկսի գործել արդեն 2011թ.-ին, ուրբաթ հանրապետությունում բնական աղետների ռիսկերի նվազեցման համակարգի զարգացմանը վերաբերող քննարկումների ընթացքում ասաց հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը:
«Ծառայությունը կգործի հանրապետության ողջ տարածքում, և նախարարի հրամանով՝ մարզային վարչությունների պետերն արդեն նշանակվել են որպես ղեկավարներ, ովքեր տեղում կկազմակերպեն աշխատանքը Կենտրոնի գործունեությունը կազմակերպելու համար»,- ասաց Երիցյանը:
Նախարարը կարևորեց Ճգնաժամային կառավարման կենտրոնի գործունեությունը, որում կկուտակվի երկրի տարածքի բոլոր շինարարական աշխատանքների, հաղորդակցությունների, տրանսպորտային հոսքեր մասին ամենօրյա տեղեկատվությունը, և որը բնական աղետների դեպքում կզբաղվի կառավարման հարցերով:
Նա նշեց, որ Հայաստանը բոլոր տեսակի բնական աղետների ենթակա տարածք է, բացառությամբ՝ ցունամիների: Ըստ նրա, դա ընդգծում է անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ ակտիվ քայլերի անհրաժեշտությունը:
Արդեն իրականացված քայլերի թվում նախարարը նշեց 2010թ.-ին աղետների ռիսկերի կրճատման ազգային հարթակի ստեղծումը:
«Դա տարածաշրջանում առաջին փաստաթուղթն է, որը մենք կարողացանք մշակել Հյուգոյի (ճապոնական գավառ, որտեղ 2005թ.-ի հունվարի 18-22-ն անցել է աղետների վտանգի նվազեցման համաշխարհային համաժողովը) գործողությունների ծրագրի հիման վրա և արդեն երկրի բոլոր նախարարությունների և գերատեսչությունների հետ դրա իրականացման ուղղությամբ համալիր աշխատանքներ են տարվում»,- ասաց Երիցյանը:
Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, UNDP մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչևան իր հերթին նշեց, որ ազգային կենտրոնի ստեղծումը, որը ծրագրվում է գործարկել օգոստոսին, թույլ կտա վերլուծության և բոլոր ցուցանիշների ուսումնասիրման համար լիարժեք տեղեկատվական բազա ձևավորել:
Նա բարձր է գնահատել Հայաստանի կողմից աղետների ռիսկերի կրճատման ազգային հարթակի ընդունումն ու մշակումը և ընդգծել է, որ Հայաստանն աշխարհի առաջին երկիրն է դարձել, որը ծրագրի մշակման ժամանակ հաշվի է առել գենդերային հարցերը:
Ըստ ՄԱԿ-ի գնահատականների, 2010թ.-ը ռեկորդային էր աղետների թվի տեսանկյունից, որոնք 218 մլրդ դոլարի վնաս են հասցրել: Սակայն արդեն 2011թ.-ի առաջին եռամսյակի արդյունքներով, աղետների հետ կապված իրավիճակը վատացավ և դրանց թիվը հասավ 50-ի: -0-