ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության և նախաբացթողումային հսկողության վարչությունների աշխատակիցները թմրամիջոցի ներմուծման մի շարք դեպքեր են կանխել, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հաղորդեցին Կոմիտեի մամուլի ծառայությունից:
«Օրերս` իրացնելով օպերատիվ տեղեկությունները, հայտնաբերվել է հաշիշ տեսակի թմրանյութ, որը թաքցված է եղել «Կարգո Ջեթ Լայն» ընկերության կողմից ԱՄՆ-ից ներմուծված անհատական ծանրոցում»,- ասվում է հաղորդագրության մեջ: Այն Հայաստանի քաղաքացի Գոռ Հովհաննիսյանի անվամբ էր:
Մաքսանենգության մյուս դեպքը կանխվել է ՊԵԿ կինոլոգիական կենտրոնի շան օգնությամբ: Ավտոմեքենաների մաքսային ձևակերպումների մասնագիտացված մաքսատան տարածքում իրականացված հսկողության ժամանակ հետախույզ շունը ուշադրություն է հրավիրել Հայաստանի քաղաքացի Արթուր Միրզոյանի անվամբ Բելգիայից ներմուծված «Լադա 112» մակնիշի ավտոմեքենայի սարքավորումների վահանակի վրա:
«Նույն մաքսատանը և դարձյալ վարժեցված շան օգնությամբ մարիխուանայի հայտնաբերման այլ դեպք էլ է արձանագրվել: Այս անգամ մաքսայինի շունը ակտիվություն է ցուցաբերել` քաղաքացի Գարիկ Սորուշևի անվամբ Հոլանդիայից ներմուծված «OPEL VECTRA» մակնիշի ավտոմեքենան զննելիս: Թմրամիջոցը թաքցված է եղել առջևի նստատեղի տակ»,- հաղորդում է մամուլի ծառայությունը:
Բացի այդ, Մեղրիի մաքսակետում մաքսային հսկողության ենթարկված Իրանի երեք քաղաքացիների մոտ հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված ափիոն տեսակի թմրամիջոց:
Հաղորդագրության մեջ նաև ասվում է, որ 210 հատ «Բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց էլ նախաբացթողումային հսկողության վարչության աշխատակիցները հայտնաբերել են մայրաքաղաքի Տիգրան Մեծ փողոցի փոստային բաժանմունքի մաքսային հսկողության տարածքում` Ֆրանսիայից առաքված ծանրոցի զննման ժամանակ, որը հասցեագրված է եղել Արմավիրի բնակիչ Սպարտակ Մխիթարյանին: -0-