ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Անկախության 20 տարիների ընթացքում հայ ժողովրդի ամենամեծ ձեռքբերումը երկու հայկական պետություններն են, հայկական պետականության ստեղծումն է, Հայոց լեզվի, գրականության և հայագիտական առարկաների համահայկական հինգերորդ օլիմպիադայի մասնակիցների հետ հանդիպման ընթացքում ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։
Ըստ նրա՝ այդ ամենագլխավոր դասն այն է, որ հայ ժողովուրդը կարող է հասնել ցանկացած հաջողության «եթե լինենք միասնական, եթե ազնիվ լինենք դպրոցից սկսած, բարեխիղճ, պարտաճանաչ լինենք՝ զինված ուժերում մեր հայրենիքի նկատմամբ պարտքը կատարելիս և լինենք լավ, ակտիվ քաղաքացի մեր կյանքում»։
«Իսկ դասը միակն է, հայ ժողովուրդն այդ դասը շատ լավ է յուրացրել, դրա համար էլ, երբ 20-րդ դարի վերջին հնարավորություն ընձեռվեց օգտվել և անցյալի սխալներն ուղղել, այսինքն՝ ունենալ անկախ պետություն, հայ ժողովուրդն այդ հնարավորությունը չկորցրեց: Եվ դրան մենք կարողացանք հասնել ու կարողացանք մեր պետությունն ու պետականությունը պաշտպանել, պաշտպանել նաև Արցախ աշխարհը՝ պայմանավորված նրանով, որ մեր ժողովուրդը պատմության դասերը շատ լավ է սերտել»,- ասել է նախագահը։
Նա նշել է, որ ամենագլխավոր դասը արտահայտված է հայ մեծ բանաստեղծի՝ Եղիշե Չարենցի շուրթերով. «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»:-0-