ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Երևանի կենտրոնում 7-8 հարկանի հյուրանոց կառուցելու ներդրումային ծրագրի էսքիզային առաջարկն է քննարկվել Երևանի քաղաքաշինական խորհրդի հերթական նիստի ընթացքում, հաղորդում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:
Հյուրանոցը նախատեսվում է կառուցել Հանրապետության հրապարակի մետրոյի հարակից տարածքում:
Նախօրեին կայացած Քաղաքաշինական խորհրդի 30 անդամներից ներկա էին 27-ը: «Մասնագիտական աշխույժ և շահագրգիռ քննարկում է ծավալվել դեռևս 2010 թվականին ճարտարապետ Նարեկ Սարգսյանի կողմից մշակված առաջարկի շուրջ: Արդյունքում՝ 24 կողմ և 3 ձեռնպահ հարաբերակցությամբ քաղաքաշինական խորհուրդը որոշեց հավանություն տալ ներկայացված վայրում առաջարկվող ծավալատարածական լուծումներին: Միաժամանակ որոշվեց ընթացք տալ գործընթացին՝ նախագծի հաջորդ փուլում նկատի առնելով խորհրդի անդամների արած առաջարկները և դիտողությունները:
Միաժամանակ քաղաքաշինական խորհրդի անդամները միաձայն մերժեցին Արամի 36 հասցեում նախատեսվող 20 հարկանի հյուրանոցի կառուցման նախագիծը, որը ներկայացրել էր ճարտարապետ Ալբերտ Կարոյանը:
Քաղաքաշինական խորհրդի անդամներն առաջարկել են սահմանափակել հյուրանոցի հարկայնությունը՝ նկատի առնելով հարակից շենքերի բարձրությունները:-0-