ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ ոստիկանությունն առաջարկում է դրույթ ներդնել, որը ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար տուգանքի պլաստիկ քարտերով վճարում է նախատեսում, հինգշաբթի լրագրողներին ասաց ՀՀ փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանը:
Նրա խոսքերով` վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի համաձայն՝ փոքր տուգանքի դեպքում իրավախախտողը կարող է վճարել այն տեղում և Ճանապարհային ոստիկանության աշխատակցի կողմից ստանալ համապատասխան կտրոն:
«Մենք առաջարկում ենք ուղղումներ մտցնել օրենսդրությունում, որն արգելում է վարչական իրավախախտման համար տուգանքները վարորդից գանձել տեղում, քանի որ նրանք որոշակի կոռուպցիոն ռիսկեր են պարունակում», - ասաց Օսիկյանը:
Նա նաև նշեց, որ բացառություն կկազմեն այն դեպքերը, երբ իրավախախտողը կունենա համապատասխան բանկային վճարային քարտ, իսկ ճանապարհային տեսուչները զինված կլինեն հատուկ էլեկտրոնային տերմինալներով, և միայն այդ դեպքում նրանք կկարողանան տեղում ընդունել տուգանքի դիմաց վճարը:
Հայաստանում ներդրվում է էլեկտրոնային տուգանքների համակարգ հայ վարորդների համար, ովքեր ճանապարհային երթևեկության կանոնների փոքր խախտումների տուգանքների մասին կտեղեկացվեն էլեկտրոնային տարբերակով:
Այս նպատակով երկրում հատուկ կենտրոն է ստեղծվում, ինչպես նաև 9,849 մլն եվրո արժողությամբ փողոցային ռադարների և տեսահսկողության համակարգ, որն արձանագրելու է խախտումներն ու ավտոմատ կերպով տուգանքներ է նշանակելու: Համակարգը նախատեսվում է ներդնել 2011 թ.-ից ընդհուպ մինչև 2017 թ.-ը:-0-