ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Երևանում դեկտեմբերի 3-ին կայանալիք Մանկական Եվրատեսիլ 2011-ի խորհրդանիշը կդառնա երաժշտական էկվալայզերը՝ երկու սարերի տեսքով, հինգշաբթի լրագրողներին հայտարարեց Եվրատեսիլի հայկական պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը:
«Այս տարբերանշանի մշակման համար բավականին երկար ժամանակ է պահանջվել: Այն ստեղծելու հարցում մեզ օգնել է բելառուսցի դիզայներ Անտոն Բարանովը և Հայաստանի հանրային հեռուստաընկերության գեղարվեստական կազմը», - տեղեկացրեց Գասպարյանը:
Տարբերանշանը, որը շատերը համեմատում են Արարատ լեռան հետ, բարձունք է խորհրդանշում, և համապատասխանաբար մրցույթի նշանաբանն է «Ձգտիր բարձունքին» (Reach for the top):
Գասպարյանի խոսքերով՝ այս պահին արդեն 12 երկիր մասնակցության հայտ է ներկայացնել, որոնց թվում են Ռուսաստանը, Վրաստանը, Ուկրաինան, Բելառուսը: Ադրբեջանից և Թուրքիայից դեռ հայտեր չեն ստացվել: «Մենք ակնկալում ենք, որ մասնակից երկրների թիվը կավելանա», - ասաց նա:
Մրցույթի կազմակերպիչները հայտարարում են, որ մրցույթի մասնակիցների անվտանգությունը լիովին կապահովվի:
«Մենք արդեն մրցույթի մասնակիցների անվտանգության ապահովմանն ուղղված նախագիծ ենք կազմում, որը կհամաձայնեցվի միջազգային կոմիտեի հետ և կիրագործվի միջազգային չափորոշիչներին համապատասխան», - տեղեկացրեց Հայաստանի հանրային հեռուստաընկերության ներկայացուցիչ Լևոն Սիմոնյանը:
Նա ավելացրեց, որ մրցույթը կանցկացվի բարձր մակարդակով, տոմսերը հասանելի կլինեն բոլորի համար:
Մանկական Եվրատեսիլ-2011-ը կանցկացվի դեկտեմբերի 3-ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
Մրցույթին Հայաստանը ներկայացնելու համար 50 հայտ է ներկայացվել:-0-