ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայկական ծագում ունեցող հայտնի ֆրանսիացի դերասանուհի Նորա Արմանին մտադիր է 1915թ.-ի Հայոց Ցեղասպանությունից փրկված իր նախնիների կյանքին նվիրված գիրք գրել։
Այդ մասին դերասանուհին պատմեց հինգշաբթի հայ լրագրողների հետ ունեցած ասուլիսի ժամանակ։
«Նման պատմությունները բավականին տարածված են հայերի շուրջ, և կարծում եմ, որ մեկ ընտանիքի օրինակի վրա կարելի է պատմել ողջ հայ ժողովրդի պատմությունը»,- ասաց Արմանին։
Ըստ նրա, սկզբում ծրագրել էր պատմել Ստամբուլում ապրած պապի պատմությունը, ով որոշած է եղել 1914թ.-ին մեկնել ԱՄՆ, երբ սկսվել է Առաջին Համաշխարհային պատերազմը։ Սակայն, ինչպես պատմեց դերասանուհին, պապը պատահաբար Եգիպտոսում է հայտնվել։
Ըստ դերասանուհու, ինքը մանրակրկտորեն ուսումնասիրել է իր տատիկի ընտանիքի պատմությունը, ով երեք քույր է ունեցել, ովքեր ցրվել են ողջ աշխարհով։ Քույրերից մեկը հայտնվել է Եգիպտոսում, այնուհետև՝ Հայաստանում, երկրորդը՝ Կանադայում, երրորդը՝ Ավստրալիայում։
Արմանին ավելացրեց, որ հուսով է գիրքն ավարտել 2015թ.-ին, երբ կնշվի Ցեղասպանության 100-ամյա տարելիցը։
Նա նաև հայտնեց, որ առաջիկայում մտադիր է գրել հայ երգչուհի Արմինե Թութունջյանի հուշագրերը, ով իր տատիկի զարմուհին է։
Ըստ Արմանիի, ինքը պատրաստ է համագործակցել պրոդյուսերների հետ, եթե նրանք ցանկություն հայտնեն էկրանավորել այդ պատմությունը։
Նորա Արմանին թատրոնի և կինոյի դերասանուհի է։ Համագործակցել է բազմաթիվ ամերիկացի և եվրոպացի ռեժիսորների հետ, խաղացել է մի շարք ներկայացումներում և հեռուստասերիալներում՝ առավելապես գլխավոր դերերում։
Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0-