ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում հերքել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից մամուլում տարածված հաղորդագրությանն այն մասին, թե ՀՀ զինված ուժերի զորամասերից մեկում սպայի կողմից բռնության է ենթարկվել ժամկետային զինծառայող Ռաֆիկ Հովհաննիսյանը:
Նրա խոսքերով՝ համապատասխան ստորաբաժանումների կողմից իրականացվել են օպերատիվ աշխատանքներ, որոնց արդյունքում պարզվել է, որ այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը:
«Իրականում տեղի է ունեցել հետևյալը. շարքային Ռաֆիկ Հովհաննիսյանին արգելվել է օգտագործել իր բջջային հեռախոսը, քանի որ նա իրավունք չուներ կրել անձնական հեռախոս և կարող էր օգտագործել միայն իր դասակում առկա բջջային հեռախոսը: Իսկ նրա նկատմամբ սպայի կողմից բռնություն գործադրելու մասին լուրերի տարածումը պարզապես ապատեղեկատվություն է և արժանի է համապատասխան հանրային գնահատականի», - նշել է Կարապետյանը:-0-