Ֆրանսիայի Լիոն քաղաքի քաղաքապետ, սենատոր Ժերար Կոլոմբի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը բարձր գնահատեց հայ-ֆրանսիական քաղաքական երկխոսության ներկա մակարդակը, հաղորդում է խորհրդարանի մամուլի ծառայությունը։
«Հանդիպման ընթացքում Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն հայտեց Ֆրանսիայի իշխանություններին ֆրանսահայ համայնքի նկատմամբ ջերմ վերաբերմունքի համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Բացի այդ, խոսնակը կարևորեց Երևանի և Լիոնի միջև գործակցության զարգացումը` շեշտելով, որ մեծ է Լիոն քաղաքի ներդրումը հայ-ֆրանսիական հարաբերություններում։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Լիոնի քաղաքապետ Ժերար Կոլոմբը նշեց, որ այցի նպատակն է առավել ամրապնդել Լիոն-Երևան փոխգործակցությունը: Նրա խոսքով` Հայաստանի և Լիոնի միջև հարաբերությունները հին են ու ջերմ և սկիզբ են առել դեռևս 1915թ.-ից, երբ ցեղասպանությունից մազապուրծ հայերը հաստատվել են Լիոնի շրջակայքում:
Կոլոմբը խորհրդարանի նախագահին ներկայացրեց երկու քաղաքների միջեւ համագործակցության կոնկրետ բնագավառները:
Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձան ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին, հայ-թուրքական հարաբերություններին, ինչպես նաև ներքաղաքական հարցերին, քննարկեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս: -0-